Ութերորդ տարին լինելով՝ պատերազմը Սիրիայում շարունակվում է, ու արհավիրքի վերջը չի էլ երեւում։
Հարձակումներն ընդդեմ քաղաքացիական անձանց ու ենթակառույցների դեմ հասել է ամենաբարձր մակարդակին, ասում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ուրսուլա Մյուլլերը։
՝՝Միայն այս տարվա առաջին երեք ամիսների ընթացքում ՄԱԿ-ը գրանցել է առողջապահական հաստատությունների դեմ իրականացված 72 հարձակում, այն դեպքում, երբ 2Օ17 թվականի ամբողջ ընթացքում գրանցվել էր նման 112 հարձակում՛՛։
ՄԱԿ-ի մարդասիրական հարցերով պատասխանատու փոխքարտուղար Մյուլլերը կոչ է անում խորհրդի անդամ երկրներին անել ավելին՝ Սիրիայի քաղաքացիներին պաշտպանելու համար։
Քաղաքացիական անձանց դեմ վերջին ժամանակների դաժան հարձակումները մեծացրել են տեղահանված բնակչության թիվը՝ նոր զարկ տալով փախստականության ճգնաժամին։ Բրյուսելում դոնոր պետությունների ու կազմակերպությունների մասնակցությամբ չորեքշաբթի օրն անցկացված վեհաժողովը չհաստատեց Սիրիայի համար ՄԱԿ-ի 7 միլիարդ դոլարի օգնության ծրագիրը։ Սակայն մեծ հատկացումներ տրամադրելու պատրաստակամության համար Գերմանիան ու Մեծ Բրիտանիան արժանացան գովասանքի։
Արտակարգ իրավիճակներում օգնությունը համակարգելու հարցերով պատասխանատու, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Մարք Էնդրուի խոսքերով, մի շարք դոնոր երկրներ դեռեւս հանդես չեն գալիս հատկացումների մասին խոստումներով, քանի որ դեռեւս լուծված չեն այդ երկրների ներքին բյուջետային խնդիրները։
՝՝Այդ երկրների թվում է Միացյալ Նահանգները, որը Սիրիայի մարդասիրական օգնության շրջանակներում ամեն տարի հատկացրել է ավելի քան 1 միլիարդ դոլար՛՛, ասում է նա։
ՄԱԿ-ը տեղեկացնում է, որ այսօր ավելի քան 13 միլիոն սիրիացի ունի մարդասիրական օգնության կարիք, ավելի քան 5 միլիոնը փախստականներ են ու ներքին տեղահանվածներ։ Մոտ 45Օ հազար մարդ է սպանվել 2Օ11 թվականից ի վեր։
Իսկ խաղաղությունը դեռեւս չի երեւում հորիզոնում։