Հայաստանի որևէ գործընկեր չի փորձել միջամտել մեր երկրի ներքին գործերին: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը: «Կարևոր է, որ արտաքին գերատեսչությունն այս օրերին աշխատի ավելի ուշադիր և ուժեղացված ռեժիմով: Հիմա բոլոր պետական կառույցները պետք է աշխատեն նույն ռիթմով, որը շատ կարևոր է երկրի համար, անվտանգության համար և նաև միջազգային հեղինակության համար»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասել է Շավարշ Քոչարյանը:
Հարցին, թե արդյոք իշխանությունների փոփոխության պարագայում ինքը կշարունակի աշխատել, Շավարշ Քոչարյանն ասել է, որ իր անձնական ծրագրերի մասին ընդհանրապես չի խոսում:
«Ամենակարևորն այն է, որ ամեն ինչ պետք է ստանա խաղաղ հանգուցալուծում՝ օրինականության, սահմանադրության սահմաններում և դրա բոլոր նախանշանները կան»,- ասել է նա: