Մատչելի հղումներ

Կոնգրեսականները կոչ են անում ամերիկահայությանը շարունակել Ցեղասպանության ճանաչմանն ուղղված պայքարը


Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված այս տարվա ավանդական հայտարարության մեջ ԱՄՆ-ի նախագահը կրկին անգամ խուսափեց օգտագործել «ցեղասպանություն» եզրույթը՝ նախընտրելով սահմանափակվել նախագահ Օբամայի օրոք ընդունված «Մեծ Եղեռն» ձևակերպմամբ:

Սպիտակ տունն ընդգծում է Հայոց ցեղասպանության վերաբերյալ ամերիկյան քաղաքականության անփոփոխ լինելու փաստը:

«Նախագահի կողմից ստորագրված բանաձեւը շարունակում էր նախորդ վարչակազմերի քաղաքականությունը»,- ընդգծել է Սպիտակ տան մամլո խոսնակ Սառա Սանդերսը:

ԱՄՆ-ի Կոնգրեսի հայկական հանձնախմբի համանախագահ, կոնգրեսական Ֆրենք Փալոնն իր հիասթափությունն է հայտնել այս առիթով:

«Հիասթափեցնող է, որ նախագահ Թրամփն ու նրան նախորդած նախագահները չեն օգտագործում «ցեղասպանություն» եզրույթը: Կարծում եմ չափազանց կարևոր է, որ այն այդպես կոչվի»,- նշում է կոնգրեսական Փալոնը:

Ցեղասպանության ճանաչման խնդիրը շարունակում է մնալ ամերիկահայության և Կոնգրեսի հայկական հանձնախմբի առաջնային օրակարգում: Այս օրերին ավելի քան 100 ամերիկացի կոնգրեսականներ նամակով դիմել էին ԱՄՆ-ի նախագահին՝ կոչ անելով «1,5 միլիոն հայերի կոտորածը ճանաչել 20-րդ դարի առաջին ցեղասպանություն»:

«Ես իմ գործընկերների հետ նամակով դիմել եմ նախագահ Թրամփին՝ կոչ անելով նախագահ Ռեյգանի օրինակով խիզախություն ցուցաբերել եւ խոսել Հայոց ցեղասպանության հիմնախնդրի մասին՝ իրերը կոչելով իրենց անուններով»,- նշում է կոնգրեսական Էդ Ռոյսը:

«Սա 20-րդ դարի միակ ցեղասպանությունն է, երբ պետությունը, ի դեմս Թուրքիայի կառավարության, ակտիվորեն իրականացնում է ժխտողական քաղաքականություն»,- ասում է կոնգրեսական Քրիս Սմիթը:

Ամերիկացի օրենսդիրները հիշեցնում են, որ այսօր ԱՄՆ-ի Կոնգրես է ներկայացված բանաձև Հայոց ցեղասպանության մասին: Բանաձևի հետագա ճակատագիրը, սակայն, դեռևս պարզ չէ:

«220 բանաձևը ներկայացվել է Ներկայացուցիչների պալատ: Հիմնական գաղափարն է անդրադառնալ ոչ միայն Հայոց ցեղասպանությանը, այլև հասկանալ, թե ինչ դասեր պետք է քաղենք դրանից»,- նշում է Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, կոնգրեսական Էդ Ռոյսը:

«Երկար տարիներ պատիվ եմ ունեցել ներկայացնելու Հայոց ցեղասպանության վերաբերյալ տարբեր բանաձևեր: Կարծում եմ չափազանց կարևոր է, որ Կոնգրեսն ընդունի բանաձև՝ ճանաչելով պատմական իրողությունը», նշում է կոնգրեսական Ադամ Շիֆը:

Կոնգրեսականները հավաստիացնում են, որ պայքարը Հայոց ցեղասպանության ճանաչման համար շարունակվում է:

«Կոչ եմ անում ամերիկահայությանը շարունակել ճնշում գործադրել Ցեղասպանության ճանաչման համար, քանի որ այս ուղղությամբ մեծ հաջողություններ են գրանցվել. գրեթե բոլոր նահանգները ճանաչել են Ցեղասպանությունը, նույնը վերաբերվում է բազմաթիվ զարգացած երկրների, իսկ համաշխարհային հանրությունը ծանոթ է այս հիմնախնդրին»,- նշում է կոնգրեսական Փալոնը:

«Սա պայքար է: ԱՄՆ-ի Կոնգրեսի շատ անդամներ պատրաստակամ են շարունակելու ճնշում գործադրել՝ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում»,- ընդգծում է կոնգրեսական Աննա Էշուն:

ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Գրիգոր Հովհաննիսյանն իր հերթին ընդգծում է, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչվել է ԱՄՆ-ի կողմից դեռևս նախագահ Ռեյգանի օրոք: Դեսպանի կարծիքով սխալ է ասել, որ Միացյալ Նահանգները չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը:

«Միացյալ Նահանգներն այն երկիրն է, ուր Հայոց ցեղասպանությունը դասավանդվում է հարյուրավոր դպրոցներում և տասնյակ նահանգներում, հազարավոր քաղաքական և այլ հաստատություններ բանաձևեր են ընդունում, քարոզչական արշավներ են վարում: Տասնյակ և հայրյուր հազարավոր ամերիկահայեր դուրս են գալիս փողոցներ այս առիթով: Չեմ համակերպվի այն մտքի հետ, որ այս երկիրը կարելի է ժխտողական համարել»,- ասում է դեսպան Հովհաննիսյանը:

Facebook Forum

XS
SM
MD
LG