Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի դեսպանն ու ՀՀ վարչապետի պաշտոնակատարը քննարկում են ներկա իրադրությունը


ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանն ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսի հետ քննարկել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակին առնչվող մի շարք հարցեր:

«Արմենպրես»-ին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացրել են, որ Կարեն Կարապետյանը կարևորել է երկխոսության ու սահմանադրական ճանապարհով ներքաղաքական խնդիրները լուծելու կարեւորությունը և շնորհակալություն հայտնել ԱՄՆ կառավարությանը՝ այս հարցում արտահայտած դիրքորոշման համար: Վարչապետի պաշտոնակատարը կարևորել է խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչների հետ նախագահ Արմեն Սարգսյանի անցկացրած խորհրդակցությունները, որոնք քննարկում եմ երկրում ստեղծված վիճակն ու դրանից դուրս գալու ուղիները, այդ թվում՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հնարավորությունը։

Դեսպան Միլսը կրկին անգամ վերահաստատել է ԱՄՆ-ի կառավարության դիրքորոշումը և շեշտել, որ բոլոր գործընթացները պետք է տեղի ունենան Սահմանադրության համաձայն: Նա ավելացրել է, որ քաղաքական իրավիճակի կարգավորման համար երկխոսությունն այլընտրանք չունի: «Ես հասկանում եմ, որ այս ցույցերը, քաղաքացիական անհնազանդության գործողությունները հանդիսանում են օրենքի խախտում, և կառավարությունը պարտավոր է ապահովել հասարակական կարգն ու անվտանգությունը հնարավորինս լավ: Ես վստահ եմ, որ ժողովրդավարության կամ ժողովրդավարության ամրապնդման ճանապարհը այն չէ, որ վարչապետի թեկնածուն ընտրվում է փողոցում՝ ցույցի ժամանակ»,- նշել է Ռիչարդ Միլսն՝ ընդգծելով քաղաքական ուժերի միջև երկխոսության կարևորությունը:

XS
SM
MD
LG