Մատչելի հղումներ

Միացյալ Նահանգների մայրաքաղաքի հայերը բողոքի ցույց էին կազմակերպել ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանի նստավայրի առջեւ՝ պահանջելով ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը մնում է օրակարգում մինչեւ դրա վերջնական ճանաչումն ու դատապարտումն ամբողջ աշխարհի, իսկ առաջին հերթին՝ Թուրքիայի կողմից: Այս մասին եւս մեկ անգամ Թուրքիային հիշեցրեց Վաշինգտոնի հայ համայնքը՝ բողոքի ցույց կազմակերպելով ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանի նստավայրի առջեւ: Ցույցի մասնակից Վինս Մելքումյանը վստահ է, որ Հայաստանին ապագայում սպասում են միայն հաղթանակներ.

«Ես կոչ եմ անում բոլորին շարունակել մեր պապերի ու հայրերի պայքարը: Մենք անպայման կհասնենք նորանոր բարձունքների ու համայն աշխարհը կճանաչի Հայոց ցեղասպանությունը: Ես դրանում կասկած չունեմ: Մեզ սպասում են նորանոր հաղթանակներ»,- ասում է Մելքումյանը:

Վաշինգտոնի հայերին Լոս Անջելեսից աջակցելու էին եկել հայտնի «Հայ Ռայդերս» խմբի բայքերները, իսկ հայերի դեմ առ դեմ իրենց ցույցն էին կազմակերպել Վաշինգտոնի թուրք եւ ադրբեջանական համայնքները: Ամերիկայի թուրքական ընկերակցությունների համագումարի համանախագահ Գյունայ Էվինչը նշում է, որ նրանք համերաշխություն են ուզում.

«Թուրք-ամերիկյան համայնքը եկել է այստեղ, որ ցուցաբերի իր համերաշխությունը խաղաղության հաստատման հարցում ու ճշմարտությանը հասնելու ցանկությունը ամերիկահայ համայնքի հետ: Մենք ցանկանում ենք երկխոսություն»,- նշում է Գյունայի Էվինչը:

Թուրքիայի դեսպանի նստավայրի մոտից հայերը երթով շարժվեցին դեպի ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանատուն, որի բակում տեղադրված է Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքարը:

«Մեզ համար Ցեղասպանության նահատակները սրբեր են: Եվ այսօր այս միջոցառման ընթացքում զգացվում էր, որ այն կազմակերպված է ոչ թե ողբի, այլ վերապրումների, հույսի ու հավատի ոգով»,- ընդգծում է Վաշինգտոնի Սբ Աստվածածին եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր Հովսեփ քահանա Կարապետյանը:

Ապրիլի 24-ին ավանդական հատուկ հայտարարությամբ է հանդես եկել նաեւ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը:

«Այսօր մենք հիշում ենք Մեծ Եղեռնը՝ 20-րդ դարի առավել սարսափելի կոտորածներից մեկը, որի ընթացքում Օսմանյան Կայսրության վերջին տարիներին 1.5 միլիոն հայեր ենթարկվել են կոտորածի, արտաքսվել եւ մահկանացուն են կնքել անապատում: Մենք հիշում ենք 1915 թվականի սարսափելի իրադարձությունները եւ վշտում կորած կյանքերի համար», - ասված է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարության մեջ:

Ընդգծելով հայ ժողովրդի տոկունությունը, նախագահ Թրամփը նշում է, որ հայերից շատերը նոր կյանք են սկսել Միացյալ Նահանգներում՝ հսկա ներդրում ունենալով ԱՄՆ-ի կառուցման մեջ: «Այսօր մենք կանգնած ենք աշխարհասփյուռ հայ ժողովրդի կողքին՝ հարգելով զոհերի հիշատակը եւ պատրաստակամություն հայտնելով աշխատելու միասին՝ առավել լավ ապագա կառուցելու համար», - գրում է Դոնալդ Թրամփը:

Միեւնույն ժամանակ, Միացյալ Նահանգների նախագահը խուսափում է «ցեղասպանություն» եզրույթից, փոխարենն օգտագործելով դեռևս նախկին նախագահ Օբամայի օրոք Սպիտակ տան հայտարարության մեջ ընդգրկված «Մեծ Եղեռն» որակավորումը: Այդ կապակցությամբ, հայկական կազմակերպությունները՝ Ամերիկայի հայկական համագումարն ու Հայ Դատի հանձնախումբը քննադատության են ենթարկել նախագահ Թրամփի հայտարարությունը՝ անվանելով այն կորսված հնարավորություն:

ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը, սակայն, հիշեցնում է, որ Հայոց ցեղասպանությունը դեռեւս տասնամյակներ առաջ ճանաչել էր ԱՄՆ-ի նախագահ Ռոնալդ Ռեյգանը:

«Կարծում եմ Միացյալ Նահանգները միջազգային իրավունքի նախադեպից ելնելով ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Նախագահ Ռեյգանի «ցեղասպանություն» եզրույթը օգտագործելու պահից այս հանգամանքը ընդունված է և որևիցե մեկը դա չի հերքել»,- նշում է դեսպան Հովհաննիսյանը:

Facebook Forum

XS
SM
MD
LG