Միջազգային մամուլի միջոցներն այսօր գլխավոր լուրերի իրենց բաժիններում անդրդադառնում են Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականին, նրան այդ քայլին դրդող համաժողովրդական շարժմանն ու շարժման հաղթանակին:
‘’ԲիԲիՍի’’ կայանը մեջբերում է Սարգսյանի խոսնակ Հովհաննես Նիկողոսյանի հետեւյալ խոսքերը. ‘’Կարծում եմ նրա հրաժարականը ժողովրդավարության հստակ ցուցադրում է: Աշխարհի ոչ բոլոր անկյուններում սկսված ցույցերն են կարողանում հասնել իշխանությունների հրաժարականին’’:
‘’ԲիԲիՍի’’-ն հիշեցնում է, որ Սարգսյանը քննադատության էր ենթարկվում Ռուսաստանի նախագահի հետ սերտ հարաբերությունների համար:
Բրիտանական կայանը մեջբերում է նաեւ հանրահավաքի մասնակից ցուցարարների խոսքերը. ‘’Սա հենց այն է, ինչ հասկանում ենք հաղթանակ ասելով’’: ‘’Սա իրապես օր է, որը պետք է զգանք բոլորս, սա օր է, երբ բոլորս պիտի լինենք այստեղ` ականատես լինելու պատմության այս էջին’’:
Ըստ ‘’ԲիԲիՍի’’-ի, Սերժ Սարգսյանի հրաժարականի հայտարարությունը ‘’ուրախության հրավառություն էր, որը պայթեց հրապարակում’’:
‘’Շատերն են Հայաստանում ասում, որ սա հաղթանակ է ամբողջ ժողովրդի համար, ժողովուրդ, որը մեկ օր անց նշում է Հայոց ցեղասպանության տարելիցը’’:
‘’Գարդիըն’’ պարբերականը գրում է, որ ցույցերը Հայաստանում եռում էին արդեն մեկ շաբաթ: Սակայն այդ օրերին փողոցներում լցված ոստիկանները երկուշաբթի օրը բացակայում էին տեսադաշտից’’:
Պարբերականը հիշեցնում է, որ Հայաստանում Սարգսյանի դեմ ընդդիմությունը նրան մեղադրում էր նաեւ Ադրբեջանի ու Թուրքիայի հետ շարունակվող լարվածությունը մեղմել չկարողանալու մեջ:
‘’ՍիԷնԷն’’ կայանը, պարզապես տեղեկություններ տալով Հայաստանում զարգացող ու տեղի ունեցած իրադարձությունների մասին, իր ընթերցողներին պատմում է Սերժ Սարգսյանի անցած ու քաղաքականապես ավարտված ուղու մասին:
‘’ԱյՋազիրա’’-ն գրում է. ‘’Սարգսյանի հայտարարությունը չի նշում, թե երբ է ինքը թողնում պաշտոնը’’: Իսկ գործակալության թղթակցի խոսքերով, ‘’Այս շարժումը ցույց տվեց, թե որքան են Հայաստանում մարդիկ հասկացել, որ իրենք ունեցել են համակարգում փոփոխություն իրականացնելու ուժ, համակարգ, որը հայտնի է իր կոռուպցիայի բարձր մակարդակով’’:
‘’Ռոյթըրզ’’ լրատվականն իր ընթերցողներին պատմում է ցուցարարների հետ մոտ 200 զինվորականների կողմից միասնության փաստի մասին, այն մասին, որ նրանք ողջագուրվում էին ցուցարարների հետ ու ծածանում երկրի պետական դրոշները: ‘’Պաշտպանության նախարարությունը դատապարտել է զինվորականների այս քայլը, այն անվանելով անօրինական ու հայտարարել, որ նրանք կենթարկվեն ամենախիստ պատիժների’’:
Ռոյթըրզի համաձայն, զինվորականները եղել են ռազմական խաղաղապահների գումարտակի անդամներ:
‘’Նյու Յորք Թայմս’’-ը եւ ‘’Վաշինգթոն Փոսթ’’-ը հիշեցնում են, որ նախագահի պաշտոնավարման ժամկետը լրանալու պատճառով վարչապետի պաշտոնը զբաղեցնելու օրինակը Սերժ Սարգսյանը վերցրել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինից, որը 2008-ին ստանձնել էր վարչապետի պաշտոնը եւ նախագահի պաշտոնը նորից զբաղեցրել2012-ին:
Հայաստանում տեղի ունեցած իրադարձություններին են անդրդադարձել նաեւ ‘’ԷյԲիՍի’’, ‘’Բլումբերգ’’, ‘’Նյուզուիք’’, ‘’Յուրոնյուզ’’ եւ աշխարհի մի շարք այլ հանրահայտ թերթեր, հեռուստատեսային ու ռադիոկայաններ, լրավական այլ ծառայություններ: