Մատչելի հղումներ

Ռուսաստանի ու ՆԱՏՕ-ի բարձրաստիճան զինվորականների հանդիպում Բաքվում


Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի բարձրաստիճան զինվորականները հանդիպել են Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում և քննարկել Սիրիայում առկա իրավիճակը: Հանդիպմանը ռուսական կողմը ներկայացնում էր Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը, իսկ ՆԱՏՕ-ի կողմից բանակցություններին մասնակցում էր ՆԱՏՕ-ի գերագույն միացյալ հրամանատար Քուրթիս Սկապարոտին:

Քննարկվող թեմաների շարքում է եղել նաև Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի ծավալած ակտիվությունը Եվրոպայում: Հիշեցնենք, որ վերջին տարիներին Ռուսաստանի ու ՆԱՏՕ-ի միջև հարաբերությունները կտրուկ լարվել էին 2014 թվականի Ղրիմի բռնակցումից հետո: Սիրիական հակամարտությունը ևս բացասաբար է ազդել կողմերի հարաբերությունների վրա: 2013 թվականից ի վեր սա առաջին հանդիպումն էր նրանց միջև:

ՆԱՏՕ-ի աղբյուրները հաղորդում են, որ Բաքվի հանդիպմանը քննարկվել են ռազմական ակտիվության և կողմերի միջև ռազմական հնարավոր բախումը կանխելու հետ կապված հարցեր: Ռուսական կողմի հաղորդմամբ, քննարկվել են վստահության մեծացման միջոցների և միջադեպերի կանխման վերաբերյալ խնդիրներ:

Ինչպես տեղեկացնում են ռուսական լրատվամիջոցները, Ադրբեջանում Վալերի Գերասիմովը հանդիպել է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, որի ընթացքում քննարկվել են ռազմական համագործակցությանն առնչվող հարցեր:

Ադրբեջանի նախագահը հանդիպել է նաև ՆԱՏՕ-ի պատվիրակության հետ:

XS
SM
MD
LG