Մատչելի հղումներ

Ժողովրդավարության և բռնապետության պայքար Եվրոպայում


Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մաքրոնն ընդգծել է, որ Եվրոպայում ժողովրդավարության ու ավտորիտարիզմի միջև բաժանումները հիշեցնում են քաղաքացիական պատերազմներ: Վերջին շրջանում չափազանց շատ են քննարկումները Արևելյան և Կենտրոնական Եվրոպայում ծավալվող ավտորիտար միտումների մասին:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մաքրոնը հանդես է եկել կոչով միավորելու ուժերը պոպուլիզմի դեմ պայքար մղելու համար: Նախագահի հայտարարությունը հնչել է այն օրերին, երբ Հունգարիայում ու Իտալիայում ընտրություններում հաղթանակ են տարել պոպուլիստական ուժերը, իսկ Եվրամիությունը շարունակում է հակադրվել Լեհաստանի ծայրահեղ աջակողմյան իշխանությունների հետ երկրում օրենքի գերակայության պահպանման համար:

«Ավտորիտարիզմն ամենուրեք շրջապատում է մեզ: Մեր պատասխանը պետք է լինի ոչ թե ավտորիտար ժողովրդավարության, այլ ժողովրդավարության իշխանության հաստատումը»,- հայտարարել էր նախագահ Մաքրոնը:

Ամերիկյան և եվրոպական փորձագիտական շրջանակները ևս անդրադարձել են այս հարցին:

«Հաղթանակ գրանցելու համար պոպուլիստական ուժերը պետք է կենտրոնանան չափազանց շատ շահարկվող խնդրի վրա: Եվ դա նրանք արեցին՝ թիրախավորելով ներգաղթյալների խնդիրը»,- ասում է Լեհաստանի նախկին արտգործնախարար Ռադեկ Սիքորսկին:

Որոշ վերլուծաբանների կարծիքով այն ինչ տեղի է ունենում այժմ կարելի է որակել որպես ժողովրդավարության նահանջ, որին նպաստում են նաև կոռուպցիան, թույլ ընդդիմությունն ու անհավասարության հիմնախնդիրները:

«Հակաժողովրդավարական այս միտումների հիմքում, իմ կարծիքով, ընկած են նաև, ընդդիմության միտումնավոր թուլացման փորձերը տարբեր կառուցվածքային և քաղաքական քայլերի միջոցով»,- ասում է Հեյվեր Քոնլին Ռազմավարական միջազգային ուսումնասիրությունների կենտրոնից:

«Սա բնորոշ չէ միայն Կենտրոնական Եվրոպային: Սա համաարևմտյան երևույթ է»,- նշում է Չարլզ Գաթին Ջոհն Հոպկինսի անվան համալսարանից:

Ռադեկ Սիկորսկու կարծիքով հետխորհրդային երկրներում բռնապետական միտումները կարող են ունենալ ավելի խորը հետևանքներ: Վերլուծաբանները ընթացող զարգացումները համեմատում են վիրուսային հիվանդության հետ:

«Սա նման է վիրուսային հիվանդության: Մարդկանց մի մասը ավելի ծանր է տանում այն, իսկ մյուս հատվածի մոտ նկատվում է դիմադրության նվազում, սակայն անհրաժեշտ է հասկանալ, որ մենք բոլորս էլ այդ նույն հիվանդության վտանգի տակ ենք»,- ասում է Դեյվիդ Ֆրումը «Atlantic Magazine»-ից:

Անկախ նրանից, թե ինչպիսի ծավալների է հասնում նման հիվանդությունը և ինչպիսի բնույ թ է կրում, ակնհայտ է մեկ բան՝ դեռևս չկան հիվանդությունը բուժող համապատասխան դեղատոմսեր:

Facebook Forum

XS
SM
MD
LG