Մատչելի հղումներ

ՄԱԿ-ը փորձում է անվտանգության երաշխիքներ ստանալ Դամասկոսից


ՄԱԿ-ը փորձում է ապահովել քիմիական զենքի արգելմամբ զբաղվող կառույցի տեսուչների անվտանգ մուտքը Դոումա ՝ քիմիական զենքի հնարավոր կիրառման փաստը հետաքննելու համար: Դամասկոսում այս հարցի շուրջ ընթանում են բանակցություններ:

ՄԱԿ-ը տեղեկացնում է, որ Դամասկոսում այս պահին ընթանում են բանակցություններ Քիմիական զենքի օգտագործման արգելմամբ զբաղվող կազմակերպության տեսուչների անվտանգությունը Դոումա քաղաք այցելության ընթացքում ապահովելու համար: Հիշեցնենք, որ ըստ տարբեր աղբյուրների, ապրիլի 7-ին քաղաքը ենթարկվել է քիմիական զենքի հարձակման:

Անվտանգության հետ կապված մտահոգությունները հանդիսացան հիմնական պատճառ, որ տեսուչները մոտ մեկ շաբաթ հնարավորություն չունեցան այցելել Դոումա:

Ըստ Քիմիական զենքի օգտագործման արգելմամբ զբաղվող կազմակերպության, երեքշաբթի օրը ՄԱԿ-ի թիմի ուղղությամբ կրակ էր բացվել, երբ այն այցելել էր քիմիական զենքի հավանական օգտագործման վայրը:

«Կարծում եմ գիտակցում եք, որ հաշվի առնելով պայթյունավտանգ ու վտանգավոր իրավիճակը, մենք չենք տեղեկացնում, թե ինչ է տեղի ունենում, սակայն քննարկումներն ու աշխատանքներն ընթացքի մեջ են»,- նշում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակ Սթեֆան Դուջարկը:

Ըստ Քիմիական զենքի օգտագործման արգելմամբ զբաղվող կազմակերպության, տեսուչների այցի անվտանգությունը պետք է ապահովված լիներ, սակայն այս պահին այցը դեռևս հնարավոր չէ իրականացնել:

Մի շարք փորձագետներ և ամերիկացի պաշտոնյաներ մտահոգություն են հայտնել այս առիթով, քանի որ նման իրավիճակը խափանում է քիմիական զենքի հնարավոր կիրառման հետ կապված արդար հետաքննության ընթացքը:

Facebook Forum

XS
SM
MD
LG