Հայաստանի Հանրապետության վարչապետ ընտրվելու կապակցությամբ Սերժ Սարգսյանին իր շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը:
Սերժ Սարգսյանին շնորհավորել է նաև Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին:
«Շնորհավորանքներս իմ թանկագին բարեկամ ՝ Հայաստանի վարչապետ ընտրվելու կապակցությամբ: Ակնկալում եմ խորացնել և ուժեղացնել մեր ժողովուրդների միջև բարեկամությունը», - իր Թվիթերի էջում գրել է Վրաստանի վարչապետը:
Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինը նույնպես իր շնորհավորել է Սերժ Սարգսյանին.
«Հարգելի՛ Սերժ Ազատի,
Շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ:
Ձեր նշանակումը այդ պատասխանատու պաշտոնում հաստատում է Ձեր բարձր քաղաքական հեղինակությունը, ինչպես նաև լայն աջակցությունը բարեփոխումների քաղաքականությանը՝ ուղղված Հայաստանի առջև կանգնած սոցիալ-տնտեսական խնդիրների արդյունավետ լուծմանը: Վստահ եմ, որ կառավարության ղեկավարի պաշտոնում Ձեր գործունեությունը կնպաստի մեր երկրների միջև բարեկամական, դաշնակցային հարաբերությունների հետագա ամրապնդմանը, եվրասիական տարածքում փոխշահավետ ինտեգրացիոն գործընթացների առաջմղմանը:
Իմ կողմից կցանկանայի վերահաստատել երկկողմ և տարածաշրջանային օրակարգի արդիական հարցերի շուրջ համատեղ սերտ աշխատանքում շահագրգռվածությունը:
Հարգելի՛ Սերժ Ազատի, սրտանց մաղթում եմ Ձեզ առողջություն, բարեկեցություն և նորանոր հաջողություններ», - ասված է ուղերձում: