Ըստ Ռուսաստանից ստացված հաղորդագրությունների, փորձագիտական միջազգային խումբը Սիրիայի Դոումա մուտք գործելու արտոնություն կստանա չորեքշաբթի օրը։ Խումբն այստեղ փորձելու է պարզել, թե արդյոք ապրիլի 7-ին կիրառվել է քիմիական զենք, թե ոչ։
ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը տեղեկացնում է, որ Ռուսաստանը փորձում է խոչընդոտել միջազգային փորձագետների խմբի մուտքը Սիրիայի այն հատվածը, որտեղ, ըստ կասկածների իրականացվել էր քիմիական հարձակում։
՝՝Ալհուրա՛՛ հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ԱՄՆ-ի արտգործնախարարության խոսնակ Հեդըր Նոուերթն ասել է, թե Ռուսաստանն ըստ երեւույթին այդ քայլին է դիմում, քանի որ ռուսները գիտեն, որ որքան երկար ժամանակ անցնի, այնքան ավելի դժվար կլինի փաստերի հավաքագրումը։
Քիմիական զենքերի արգելում կազմակերպության հետաքննիչները Սիրիա են ժամանել շաբաթ օրը, սակայն մինչ օրս չեն կարողացել աշխատանքներ իրականացնել Դոուհայում։
Ռուսաստանը պնդում է, որ ձգձգման պատճառը շաբաթ օրը Սիրիայում իրականացված օդային գրոհներն են։
Կազմակերպության գլխավոր տնօրեն Ահմեթ Ուզումչուն ասել է, թե Ռուսաստանի ու Սիրիայի պաշտոնատար անձինք տեղեկացրել են հետաքննիչների խմբին, որ մինչեւ Դոումա նրանց մուտքը, դեռեւս ՝՝կան անվտանգության հետ կապված հարցեր՛՛։
Ավելի ուշ ստացված հաղորդագրությունների համաձայն, ռուսական կողմը տեղեկացրել է, որ փորձագետների խումբը Դոումա կմեկնի չորեքշաբթի օրը։
Կառավարությունը հայտարարում է, թե Դոումայում քիմիական զենքով հարձակում իրականացվելու մասին ապրիլի 7-ի տեսագրությունները կեղծված են։ Ընդդիմության ակտիվիստները, առողջապահական հարցերով կազմակերպություններն ու փրկարարները պնդում են, որ 4Օ մարդ է զոհվել օդանավից նետված ու թունավոր նյութերով լցված կասեթային ռումբերի պայթյունից։
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի խոսքերով, քիմիական զենք կիրառելու մասին մեղադրանքները ՝՝հիմնված են լրատվամիջոցների եւ սոցիալական ցանցերի հաղորդագրությունների վրա՛՛։
ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան ու Ֆրանսիան հայտարարում են, թե, հենվելով տեղից ստացված լուրերի եւ իրենց հետախուզության տվյալների վրա, վստահ են, որ կիրառվել է քլորին կամ թունավոր այլ գազ։