Մատչելի հղումներ

Արևմուտքը չի բացառում Սիրիայում ռազմական ներխուժման տարբերակը


ԱՄՆ-ը քննարկումներ է անցկացնում եվրոպացի իր դաշնակիցների հետ, թե ինչպես ստիպել Ասադին զերծ մնալ բնակչության հանդեպ քիմիական զենք կիրառելուց: Ֆրանսիայի նախագահը պնդում է, որ ունի ապացույցներ, որ Ասադը քլորին տեսակի քիմիական զենք է կիրառել Դոումայում:

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը քննարկում է Սիրիայի հիմնախնդիրը ՄԻացյալ Նահանգների Ավտանգության խորհրդի անդամների հետ: Իր հերթին պաշտպանության նախարար Ջեյմս Մաթիսը մասնակցում է Կոնգրեսի զինված ուժերի գծով հանձնաժողովի լսումներին:

«Մենք փորձում ենք կանգնեցնել անմեղ մարդկանց սպանությունները, սակայն պետք է ռազմավարություն ունենանք՝ իրավիճակը վերահսկելու համար»,- նշել է Մաթիսը:

Օրերս Վաշինգտոն այցելած Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մաքրոնը կոշտացրել է իր դիրքորոշումը Սիրիայի հարցում՝ ընդգծելով, որ առկա են ապացույցներ, որ Սիրիայում կառավարությունը կիրառել է քլորին տեսակի քիմիական զենք:

Նա նշել է նաև, որ այժմ դաշնակիցները քննարկում են ռազմական միջամտության հարցը՝ Ասադի քիմիական զենքի ենթակառուցվածքները ոչնչացնելու համար:

Իր հերթին Գերմանիայի վարչապետ Անգելա Մերքելը համոզմունք է հայտնել, որ Սիրիան այդպես էլ չի ոչնչացրել իր քիմիական զենքերը, ինչպես համաձայնվել էր 2013 թվականին: Մերկելը հայտնել է, որ Գերմանիան չի մասնակցի ռազմական գործողություններին, սակայն գործի կդնի բոլոր միջոցներն ի պատասխան Դոումայի հարձակման:

Ռուսաստանն իր հերթին կոչ է անում նվազեցնել լարվածությունը: Արտգործնախարար Սերգեյ Լավրովը զգուշացնում է, որ Արևմուտքի կողմից ռազմական ներխուժումը կարող է հանգեցնել ռազմական բախման: Նա կարծիք է հայտնել, որ քիմիական հարձակումը կազմակերպել են միտումնավոր՝ Ռուսաստանին վարկաբեկելու համար:

«Մենք անհերքելի տեղեկություններ ունենք, որ դա հերթական սադրանք էր՝ կազմակերպված մի երկրի հատուկ ծառայությունների կողմից՝ հակառուսական տրամադրություններ տարածելու նպատակով»,- ասել է Լավրովը:

Ֆրանսիացի վերլուծաբան Դոմինիք Մոիզիի կարծիքով, եթե Սիրիան իրոք կիրառել է քիմիական զենք, ապա Արևմուտքը ստիպված է դիմել որոշակի գործողությունների:

«Առկա է լարվածության մեծացման վտանգ: Սիրիային հրթիռակոծելը լավագույն լուծումը չէ, սակայն ոչինչ չանելն էլ ի պատասխան Սիրիայի կողմից քիմիական զենքի կիրառմանը, ավելի վատ է»,- ասում է ֆրանսիացի փորձագետը:

Հիշեցնենք, որ անցած տարի Ասադի կողմից քիմիական զենք օգտագործելուց հետո ամերիկյան կողմը ռմբակոծել էր Սիրիան: Սակայն դա փաստացի բավարար չէր Ասադին չեզոքացնելու համար: Ըստ Սիրիայում ԱՄՆ-ի նախկին դեսպան Էդվարդ Ջերեջյանի, դաշնակիցները պետք է հանդես գան ավելի երկարաժամկետ կարգավորում ապահովող պատասխան քայլով:

«Դա նշանակում է անհրաժեշտ է իրականացնել լուրջ ու երկարատև ռազմական գործողություններ, որոնք կչեզոքացնեն ու իրական վնաս կհասցնեն Ասադի ռազմական կարողություններին՝ նման հարձակումներ իրականացնելու համար»,- ասում է դեսպան Ջերեջյանը:

Այս պահին Սիրիա է ժամանել միջազգային փորձագիտական խումբը՝ Դոումայում քիմիական զենքի կիրառման վերաբերյալ հետաքննություն իրականացնելու համար:

Հիշեցնենք, որ սիրիական հակամարտությունը շարունակվում է արդեն ութերորդ տարին: Այս պահին դեռևս հակամարտության կարգավորման մասին խոսելն անհնար է:

Facebook Forum

XS
SM
MD
LG