Մատչելի հղումներ

ԱՄՆ-ում հնարավոր են համացանցի վերաբերյալ նոր կանոնակարգեր


Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգ
Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգ

Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը վկայություն է տվել ԱՄՆ-ի Կոնգրեսում: Կոնգրեսկանաները հարցաքննել են Facebook-ի հիմնադրին:

Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգն այս շաբաթ պատասխանել է օրենսդիրների բազմաթիվ սուր հարցերին՝ կապված իր ընկերության կողմից օգտատերերի տվյալների օգտագործման հետ: Կոնգրեսի անդամները ցանկանում էին պատասխաններ ստանալ իրենց հնչեցրած բազմաթիվ մտահոգություններին:

Նախկինում համացանցային ընկերությունները ունեին գործելու լայն ազատություն: Այժմ քննարկումներ են ընթանում որոշակի սահմանափակումների ներդրման և իրավիճակի փոփոխության շուրջ:

«Ինչպես տեսնում եք, ձեր ասպարեզում մենք հիմնվում էինք ազատ կարգավորման սկզբունքի վրա: Այժմ ուսումնասիրում ենք, թե ինչպես կարող ենք ապագայում կանխել խարդախությունները»,- նշում է դեմոկրատ կոնգրեսական Դայանա դե Գետտեն:

Սակայն բազմաթիվ ընկերություններ գումարներ են վաստակում՝ օգտվելով համացանցի ազատ կարգավորումից: Կոնգրեսական Աննա Էշուն հետաքրքվել է, թե արդյոք պատրաստվում է Facebook-ը վերանայել իր բիզնես մոդելը՝ մարդկանց անձնական տվյալները պաշտպանելու համար: Ցուկերբերգը հրաժարվել է հստակ պատասխանել այս հարցին:

Օրենսդիրները հիշեցրել են, որ Եվրոպայում համացանցի կառավարման տեսանկյունից հստակ գործում է մարդկանց տվյալների պաշտպանության կանոնակարգը: Facebook-ի հիմնադիրը խոստացել է տրամադրել նույն չափ պաշտպանություն ամերիկացի օգտատերերին:

Փորձագետների կարծիքով լսումներին Ցուկերբերգի վկայությունը չափազանց օգտակար էր՝ մեծ քանակությամբ տեղեկության տրամադրման առումով:

«Մենք տեսանք լսումների ընթացքում, որ շատ օրենսդիրներ պատրաստ են և ցանկանում են օրենք ընդունել կանոնակարգելու համացանցը: Կարծում եմ՝ պետք է քննարկել, թե ինչպիսի օրենսդրություն է անհրաժեշտ այս առումով»,- նշում է Նատաշա Դուարթեն Ժողովրդավարության և տեխնոլոգիաների կենտրոնից:

Իր հերթին Մարկ Ցուկերբերգը ևս չի բացառել համացանցը կարգավորորղ օրենքների ընդունումը:

«Աշխարհում և մարդկանց կյանքում աճում է համացանցի կարևորությունը: Կարծում եմ նոր օրենքների կարիքը անխուսափելի է: Իմ դիրքորոշումը այն չէ, որ ընդհանրապես չպետք է լինեն կանոնակարգեր, սակայն պետք է զգույշ լինել դրանց սահմանման հարցում»,- ասում է Ցուկերբերգը:

Մեկ բան ակնհայտ է. Կոնգրեսը պատրաստվում է ընդունել նոր օրենքներ, որոնք ամեն դեպքում առնչվելու են տեխնոլոգիական ընկերությունների ապագայի հետ: Վերջիններս փորձում են ներգրավված լինել այս հարցերի հետ կապված որոշումներում:

Facebook Forum

XS
SM
MD
LG