Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի ու Ճապոնիայի պահանջները` Թրամփ-Աբե հանդիպումից առաջ


ԱՄՆ-ի ու Ճապոնիայի պահանջները` Թրամփ-Աբե հանդիպումից առաջ
please wait

No media source currently available

0:00 0:02:15 0:00

Հաջորդ շաբաթ, երբ հանդիպեն ԱՄՆ-ի նախագահն ու Ճապոնիայի վարչապետը, քննարկումների սեղանի վրա դրված հարցերից մեկը լինելու է առեւտուրը: Չէ որ Դոնալդ Թրամփն անցյալ ամիս սահմանափակումներ դրեց Ճապոնիայից ու մի շարք այլ երկրներից ալյումինի ու պողպատի ներկրումների վրա:

Տոկիոյի միջազգային հարաբերությունների համալսարանի դասախոսներից Հաջիմե Իզումին ասում է, թե ‘’ԱՄՆ-ը ցանկանում է, որ ճապոնիան բողոքի սակագներից ու հետո բանակցի երկկողմ առեւտրի շուրջ: Ճապոնիան իր հերթին չի ուզում լինել ԱՄՆ-ի հետ ազատ առեւտրի գոտում’’:

Դրա պատճառն այն է, որ Ճապոնիանտասն այլ երկրների հետ վերջերս ստորագրեց Միջխաղաղօվկիանոսյան համապարփակ առեւտրի համաձայնագիրը: Սա նշանակում է, որ Թրամփը չի կարող Աբեին պարտադրել ԱՄՆ-ի հետ մտնել ազատ առեւտրի գոտի: Աբեն, այդ պատճառով, կարող է հույս ունենալ, որ Թրամփը կվերանայի Միջխախաղօվկիանոսյան համագործակցությանը միանալու հարցը: Ի դեպ, Թրամփն արդեն հրահանգել է ուսումնասիրել դա:

Մյուս հարցը, որը պիտի կողմերը քննարկեն, Հյուսիսային Կորեայի հրթիռային ծրագիրն է: Ճապոնիայում ուզում են, որ Հյուսիսի առաջնորդի հետ հանդիպման ժամանակ Թրամփը բանակցի ոչ թե միայն հեռահար, այլ բոլոր տիպի հրթիռների շուրջ:

Ճապոնացի վերլուծաբաններից Նարուշիգե Միչիշիտան ասում է, որ եթե հեռահար հրթիռները վտանգավոր են ԱՄՆ-ի համար, միջին հեռահարության հրթիռներն էլ վտանգ են սպառնում Ճապոնիային: ‘’Հիշենք, ասում է նա, որ 1300 կմ հեռահարությամբ հրթիռներն ունակ են հարված հասցնելու մայրաքաղաք Տոկիոյին'':

Ճապոնիայի փորձագետները կարծում են, որ Հյուսիսային Կորեայի ապամիջուկայնացումը երկար գործընթաց կպահանջի, եթե նույնիսկ Թրամփ-Կիմ հանդիպումը տեղի ունենա, ու եթե նույնիսկ Հյուսիսն ասի, թե պատրաստ է հրաժարվել միջուկային ծրագրից:

Արտաքին քաղաքականության հարցերով հաստատության նախագահ Կունիհիկո Միյակեի խոսքերով, ‘’ԱՄՆ-ի համար Հյուսիսային Կորեայի ապամիջուկայնացումը նշանակում է Հյուսիսի հրթիռների ապասարքավորում: Սակայն Կորեական թերակղզու ապամիջուկայնացումը, ինչի շուրջ համաձայնություն էր կայացվել Չինաստանի հետ, նշանակում է, որ նրանք ուզում են այս թերակղզուց դուրս մղել ԱՄՆ-ին’’:


Այնպես որ, ասում են փորձագետները, հեշտ չեն լինելու ո՛չ Թրամփ-Աբե, ո՛չ էլ Թրամփ-Կիմ բանակցությունները:


ԱՄՆ-ի Կոնգրեսում երկու կուսակցություններն էլ ներկայացնող օրենսդիրները ջանում են թույլ չտալ, որ նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնից ազատի հատուկ հետաքննիչ Ռոբերտ Մյուլլերին: Վերջինս վարում է ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Ռուսաստանի միջամտությունն ուսումնասիրող հետաքննությունը: Իսկ նրան պաշտոնից ազատելու շուրջ մտահոգություններն առաջ եկան, երբ Թրամփի անձնական փաստաբանի գրասենյակում հետախուզություն սկսելուց հետո Հետաքննությունների դաշնային բյուրոն հայտնվեց նախագահի քննադատությունների տակ:


Այն բանից հետո, երբ ԱՄՆ-ի Հետաքննությունների դաշնային բյուրոն հետախուզություն իրականացրեց նախագահ Թրամփի անձնական փաստաբան Մայքը Քոհենի տանն ու գրասենյակում, Թրամփը քննադատության խոսքեր ասաց հատուկ հետքննիչ Մյուլլերի հասցեին:

‘’Ստորացուցիչ է: Սա պարզապես հարձակում է ընդդեմ մեր երկրի եւ հարձակում ընդդեմ մեր նպատակների’’:

Հետաքննիչները ցանկանում են պարզել, թե ինչ դեր է Թրամփի փաստաբանն ունեցել այն երկու կանանց վճարելու գործում, որոնք պնդում են, թե իրենք սեռական կապեր են ունեցել Թրամփի հետ մինչեւ նրա նախագահ դառնալը:

Ինչպես շատերն են ասում, սա նախագահ Թրամփի համար ամենվրդովեցուցիչ պահն է նախագահի պաշտոնը զբաղեցնելուց ի վեր: Իր անձնական փաստաբան Քոհենի տունն ու գրասենյակը հետախուզելու հանգամանքը Թրամփին իսկապես դրել է շատ ծանր կացության մեջ, ասում են վերլուծաբանները:

Սակայն հատուկ հետաքննիչին պաշտոնից ազատելու քայլից հրաժարվելու հորդորով են Թրամփին դիմում նույնիսկ նրա ամենաջերմ աջակիցները: Ինչպես Նյու Ջերզիի նահանգապետ Քրիս Քրիսթին է ասում,

‘’Չեք կարող պաշտոնից ազատել հատուկ հետաքննիչին: Պարզապես դա անհնար է անել’’:

Եվ ահա դեմոկրատ ու հանրապետական մի քանի կոնգրեսականներ առաջ են քաշում մի օրինագիծ, որը կպաշտպաներ Մյուլլերին:

Բացի այդ, Մյուլլերին իր պարտականություններից զրկելու հանգամանքը չէր նշանակի Ռուսաստանի միջամտության հետ կապված հետաքննության ավարտ:

Ամերիկյան համալսարանից Քրիս Էդելսոնի խոսքերով, Թրամփը չի կարող պարզապես կանգնեցնել այն, ինչը սկսված է:

‘’Այս ընթացքում մի շարք մարդիկ իրենց մեղավոր են ճանաչել: Այնպես որ հետաքննությունը կշարունակվի: Ու նույնիսկ Մյուլլերին պաշտոնից ազատելու հանգամանքը չի կարող կանգնեցնել այս ընթացքը’’:

Վերլուծաբան Ջոն Ֆորթիերի խոսքերով էլ, Մյուլլերին հեռացնելու դեպքում հետեւանքներն ավելի ծանր կլինեն հենց իր` Թրամփի համար:

Բայց հիմա Թրամփին սպասվում է Մյուլլերից ավելի ծանր բեռ: Խոսքը այն գրքի մասին է, որը վաճառքի է հանվելու հաջորդ շաբաթ: Իսկ գրքի հեղինակը Հետաքննությունների դաշնային բյուրոյի նախկին տնօրեն Ջեյմս Քոմին է, որին պաշտոնից ազատելուց հետո Թրամփը ստիպված եղավ հատուկ հետաքննիչի պաշտոնում նշանակել Մյուլլերին:

Facebook Forum

XS
SM
MD
LG