Մատչելի հղումներ

 
Ի՞նչ ազդեցություն են թողել ամերիկյան պատժամիջոցները Ռուսաստանի վրա

Ի՞նչ ազդեցություն են թողել ամերիկյան պատժամիջոցները Ռուսաստանի վրա


Ռուսաստանի պաշտոնական շրջանակները պնդում են, որ ռուսական արտարժույթի անկումն ամերիկյան պատժամիջոցների հետևանքով ժամանակավոր երևույթ է, և ռուսական տնտեսությունը կարող է դիմակայել դրան: Սակայն մի շարք փորձագետներ ընդգծում են, որ կլինեն ծանր հետևանքներ

Ամերիկյան նոր պատժամիջոցների արդյունքում ռուսական ռուբլին արժեզրկվեց դոլարի նկատմամաբ: Կենտրոնական բանկը մինչդեռ արձանագրեց, որ երկրի ֆինանսական համակարգին ոչինչ չի սպառնում:

«Կենտրոնական բանկն ունի մի շարք գործիքներ, որոնցով կարող է հակազդել անկայունությանը տարբեր իրավիճակներում: Սակայն կարծում ենք, որ այս պահին չկան որևէ ռիսկեր և չկա անհրաժեշտություն համակարգային միջոցների կիրառման»,- ասում է Ռուսաստանի Կենտրոնական բանկի ղեկավար Էլվիրա Նաբիուլինան:

Ռուսաստանցի ֆինանսական փորձագետները ևս կարծում են, որ չկա պատճառ խուճապի համար, սակայն իրավիճակը կարող է փոխվել:

«Իրավիճակը կարող է կայունանալ, երբ վերջնականապես պարզ դառնան ԱՄՆ-ի իշխանությունների գործողությունները պատժամիջոցների հարցում: Հուսանք դրանք չեն ուժեղանա, սակայն մոտ օրերս իրավիճակը կմնա անկայուն»,- նշում է տնտեսական վերլուծաբան Օլեգ Կուզմինը:

Այս պահի դրությամբ պատժամիջոցներն ազդել են միայն ամերիկյան շուկայի հետ առնչվող ընկերությունների վրա, սակայն իրավիճակը կարող է փոխվել:

«Մտահոգիչն այն է, որ ռուսական բիզնեսը դառնում է վանիչ արևմտյան գործընկերների համար, և հավանական է, որ նման բացասական համբավ ունեցող ընկերությունների ցանկը գնալով ավելի կաճի»,- նշում է Սերգեյ Խասանովը Open Broker ընկերությունից:

Փորձագետի կարծիքով նման զարգացումները կունենան նաև կարճաժամկետ ազդեցություն: Նա նաև պնդում է, որ արտարժույթի արժեզրկումը կապված է նախկինում եղած տնտեսական զարգացումների հետ և ամերիկյան պատժամիջոցներն առաջնային խնդիրը չեն:

Ռուսաստանցիների արձագանքն այս առիթով տարբեր է:

«Հետևում ենք լուրերի, սակայն չեմ տեսնում դրամատիկ փոփոխություններ: Առանձնապես ոչինչ չի փոխվել մեր կյանքում»,- ասում է Մոսկվայի բնակիչ Դենիս Վորոնինը:

«Իհարկե դա ինձ մտահոգում է: Այն ինչ վերաբերվոմ է հայրենիքիս, ինձ մտահոգում է: Հուսանք արտադրությունը կզարգանա և կդառնանք ավելի մրցունակ: Հուսամ նաև որ կառավարության որդեգրած քաղաքականությունը ներմուծվող ապրանքները տեղականով փոխարինելու ուղղությամբ կտա իր պտուղները»,- ընդգծում է Մոսկվայի բնակիչ Արթուր Գավրիշևը:

Հիշեցնենք, որ վերջերս ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ է սահմանել, որոնք ընդգրկել են ռուսաստանցի 24 գործիչների: Նրանցից 7-ը սերտորեն կապված են նախագահ Պուտինի հետ:

Facebook Forum

XS
SM
MD
LG