Վերլուծաբանները մեկնաբանում են Freedom House կազմակերպության վերջերս հրապարակած տարեկան զեկույցը, ուր անդրադարձ կա Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում ժողովրդավարության զարգացման խնդիրներին: Վերլուծաբանները մտահոգություն են հայտնում այս տարածաշրջանում բռնապետական կառավարման սկզբունքերի խորացման կապակցությամբ:
Դրա վառ օրինակներից է Ռուսաստանը, ուր վերջին ընտրությունների արդյունքում Վլադիմիր Պուտինը չորրորդ անգամ ստանձնեց նախագահի պաշտոնը: Մեկ այլ օրինակներից է Հունգարիան, ուր ևս գործող վարչապետ Վիկտոր Օրբանը կրկին վերընտրվեց երկրի ղեկավարի պաշտոնում: Այս և նման այլ զարգացումները մտահոգության առիթ են տալիս:
Քարնեգի հիմնադրամի փորձագետ Փոլ Սթրոնսկին հիշեցնում է նաև Լեհաստանում ընթացող զարգացումները: Վերլուծաբանը ընդգծում է, որ Լեհաստանը մշտապես հանդիսացել է տարածաշրջանում ժողովրդավարության առաջամարտիկ, սակայն վերջին շրջանում ժողովրդավարության զարգացման առումով գրանցած հետընթացը չափազանց բացասական նախադեպ է:
Սթրոնսկիի կարծիքով Հունգարիայում Վիկտոր Օրբանի վերընտրությունը ևս մեկ այլ չափազանց բացասական ազդակ է եվրոպական մայրցամաքում ժողովրդավարության հետընթացի առումով:
«Տարածաշրջանում առկա է աջակցություն նման հակալիբերալ քաղաքականության դռսևրումներին ու ազգայնականությանը: Եվ դա խնդրահարույց է ողջ տարածաշրջանի համար»,- ասում է Սթրոնսկին:
Freedom House-ի զեկույցի մեկ այլ առանձնահատուկ դրույթներից է Ուկրաինայի վերաբերյալ հատվածը: 2014 թվականի հեղափոխությունից հետո առաջին անգամ կազմակերպությունը արձանագրել է ժողովրդավարության անկում Ուկրաինայում: Վերլուծաբան Յուվալ Վեբերը, սակայն, գտնում է, որ դեռևս վաղաժամ է այստեղ փաստել ժողովրդավարության անկում:
«Ուկրաինայում չափազանց դժվար է կառուցել ժողովրդավարություն: Երկրի ուղին պետք է ընտրեն առաջնորդները, անկախ նրանից, թե այսօրվա իրավիճակն ընդամենը կարճաժամկետ հետընթաց է, թե վերադարձ դեպի հին բացասական ավանդույթները»։
Չնայած բացասական այս միտումների՝ զեկույցն արձանագրել է նաև որոշ հուսադրող օրինակներ, ինչպիսին են Մակեդոնիան և Ուզբեկստանը: Այստեղ, ըստ փորձագետների, վերջին շրջանում գրանցվել են դրական միտումներ ժողովրդավարության զարգացման և երկրի կառավարման տեսանկյունից:
«Կարծում եմ մեր սպասումները պետք է լինեն չափավոր, սակայն պետք է գիտակցել, որ յուրաքանչյուր քայլ այս ուղղությամբ, դրական միտում է»,- ասում է Փոլ Սթրոնսկին:
Ընդհանուր առմամբ անցած տարին լավագույնը չէր Արևելյան և Կենտրոնական Եվրոպայում լիբերալ գաղափարախոսության զարգացման տեսանկյունից: Ավելի շատ երկրներ շրջվեցին դեպի բռնապետական կառավարման համակարգ ու շարունակում են շարժվել այդ ուղղությամբ:
Facebook Forum