Նախագահ Դոնալդ Թրամփը օրերս այցելել էր Վեստ Վիրջինիա նահանգ՝ այստեղ հարկային բարեփոխումների մասին ելույթ ունենալու համար: Նախագահը որոշեց ելույթ ունենալ առանց նախօրոք պատրաստված գրավոր տեքստի:
Դա չափազանց խորհրդանշական քայլ էր, որը բնութագրում է Թրամփի նախագահության էությունը և ազատ գործելաոճը՝ իր աջակիցներին գոհացնելու համար:
Նման գործելաոճերից է նաև Չինաստանի դեմ առևտրային սակագների սահմանումը:
«Երկար տարիներ ոչ մի նախագահ չէր համարձակվում տնտեսապես դուրս գալ Չինաստանի դեմ, սակայն մենք պատրաստվում ենք անել դա»,- հայտարարել է նախագահը:
Սակայն Չինաստանը հակադարձել է առևտրային միջոցներով, որը մտահոգության պատճառ է դարձել ամերիկացի ֆերմերների շրջանակում:
«Մենք նախատեսում ենք այս տարի ավելի մեծ շահույթ ունենալ հարկերի նվազեցման արդյունքում: Հուսանք ստիպված չենք լինի կորուստներ ունենալ առևտրային սակագների պատճառով»,- նշում է ամերիկացի ֆերմեր Ջեֆ Ռեհդերը:
Նախագահ Թրամփի գործելաոճին են անդրադառնում փորձագետները:
«Դոնալդ Թրամփը կարծում է, որ կարող է կառավարել վարչակազմը Թվիթերով՝ հայտարարելով նոր քաղաքականության մասին, պաշտոնից հեռացնելով պետքարտուղարին և այլն»,- նշում է Լարի Սաբաթոն Վիրջինիայի համալսարանից:
Վերլուծաբանների կարծիքով նախագահն այժմ վերադառնում է իր նախկին ոճին, որի միջոցով հասել է հաջողության 2016 թվականի ընտրություններին:
«Նա քաղաքական համակարգից դուրս էր, և կարծում եմ՝ այժմ պետք է գտնի իր տեղն այստեղ: Սակայն իմ կարծիքով նա միշտ կլինի այսպիսին»,- նշում է Ջոն Ֆորթիերին Bipartisan Policy կենտրոնից:
Սակայն քաղաքական համակարգից դուրս լինելն ունի իր դրական կողմերը, հատկապես մի շարք նահանգներում:
«Տպավորությունն այն է, որ նախագահն այդքան էլ շատ ջանք չի գործադրում՝ ընդլայնելու իր աջակիցների քանակը: Թվում է՝ նա ավելի հետաքրքրված է իր որդեգրած քաղաքականությունը շարունակելու մեջ»,- կարծում է Մայքլ Բարոն American Enterprise հաստատությունից:
Սակայն որոշ վերլուծաբանների կարծիքով Թրամփի նման գործելաոճն ավելի է միավորում դեմոկրատներին:
«Դոնալդ Թրամփի այդ ոճն ավելի է ոգևորում դեմոկրատներին: Որպես արդյունք նրանք կարող են ավելի շատ տեղեր զբաղեցնել դաշնային, նահանգային ու տեղական ընտրություններին»,- նշում է Քեն Գյուդը «Հանուն ամերիկյան առաջընթացի» կենտրոնից:
Այս պահի դրությամբ ընդհանուր տպավորությունն այն է, որ նախագահ Թրամփը քաղաքական պայքարի այս փուլում փորձում է հենվել մեծամասամբ սեփական ուժերի վրա:
Facebook Forum