Մատչելի հղումներ

 «ԱՄՆ-ը կզղջա, եթե լքի միջուկային համաձայնագիրը»՝ Ռոհանի


Իրանի նախագահ Հասան Ռոհանին խոսել է Իրանի միջուկային համաձայնագրի մասին և սպառնացել, որ եթե ԱՄՆ-ը չեղարկի այն, ապա կզղջա դրա համար:

Իրանի նախագահ Հասան Ռոհանին, անդրադառնալով միջուկային համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալու հավանականությանը, հայտարարել է, որ ԱՄՆ-ը կզղջա, եթե դուրս գա միջուկային պայմանագրից:

Իրանի դեմ սահմանված պատժամիջոցները, որոնք վերացվել էին այդ համաձայնագրի արդյունքում, այժմ կարող են վերականգնվել, եթե մայիսի 12-ին նախագահ Դոնալդ Թրամփը չհամաձայնվի երկարաձգել դրանց կասեցումը: Նախագահ Թրամփը հաստատել է այդ ժամկետը եվրոպական տերությունների համար՝ կոչ անելով վերջիններիս շտկել համաձայնագրի բացթողումները:

Իրանի նախագահ Ռոհանին խոսել է համաձանագրի մասին Իրանում ազգային միջուկային տեխնոլոգիաների օրվա կապակցությամբ՝ ընդգծելով, որ Իրանն առաջինը չի խախտի միջուկային համաձայնագիրը:

«Իրանը չի խախտի միջուկային համաձայնագիրը, սակայն եթե ԱՄՆ-ը չեղարկի այն, նրանք կզղջան դրա համար: Մեր պատասխանը կլինի ավելի զորեղ, քան պատկերացնում են: Նրանք կտեսնեն դա մեկ շաբաթվա ընթացքում»,- հայտարարել է նախագահ Ռոհանին:

Նա նաև ընդգծել է, որ իր երկրի ռազմական և հրթիռային ներուժը ուղղված չէ այլ երկրների դեմ:

«Մեր ընտրած ուղին շատ պարզ է: Մենք չենք պատրաստվում սպառնալ որևէ մեկին: Մեր ռազմական կարողությունները չեն սպառնում այլ երկրներին: Մեր հարաբերությունները հարևանների հետ հիմնված են լինելու փոխադարձ բարեկամության հիմքի վրա»,- նշում է Ռոհանին:

Հիշեցնենք, որ դեռևս նախընտրական շրջանում նախագահ Թրամփը խիստ քննադատության էր ենթարկել Իրանի հետ համաձայնագիրը՝ խոստանալով չեղարկել այն նախագահ դառնալուց հետո:

Facebook Forum

XS
SM
MD
LG