Օրերս նախագահ Դոնալդ Թրամփը թվիթերյան գրառման միջոցով նշել էր, որ մոտ ժամանակում կկարգավորվի ամերիկա-չինական սակագների հետ կապված խնդիրը:
Նա կանխատեսել էր, որ Չինաստանը կվերացնի իր առևտրային խոչընդոտները, քանի որ դա է, ըստ նախագահի, ճիշտ քայլը:
Սակայն հաջորդ օրը Չինաստանի արտգործնախարարի խոսնակ Գենգ Շուանգը հայտարարությունը լավատեսություն չէր ներշնչում: Խոսնակը մեղադրեց ԱՄՆ-ին այս իրավիճակի ստեղծման մեջ:
«Արդեն որոշ ժամանակ է երկու կողմերի ֆինանսական ոլորտի պաշտոնյաները չեն վարում բանակցություններ: Այս պայմաններում անհնար է դա անել: Կարծում եմ՝ ԱՄՆ-Չինաստան առևտրային անհամաձայնությունների հիմքում ընկած են ԱՄՆ-ի հրահրիչ գործողությունները, և ամերիկյան կողմն ամբողջապես պատասխանատու է այս ամենի համար: Մի կողմից ԱՄՆ-ը սպառնում է պատժամիջոցներով, մյուս կողմից ասում, որ ցանկանում է բանակցել: Վստահ չեմ, թե որն է նրանց հիմնական նպատակը»,- նշում է Շուանգը:
Վաշինգտոնի ու Պեկինի հակասություններն ազդել են համաշխարհային շուկայի վրա, հատկապես այն բանից հետո, երբ նախագահ Թրամփը սպառնացել է, որ սակագներ կսահմանի 100 միլիարդ դոլարի արժողությամբ չինական ապրանքրի վրա ի հավելում իր հայտարարած 50 միլիարդ դոլարի ապրանքների: Չինաստանն իր հերթին արձագանքեց, որ կսահմանի սակագներ ամերիկյան ապրանքների նկատմամբ:
ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը հայտարարել է, որ սակագների բարձրացումը կարող է բերել առևտրային պատերազմի, սակայն հույս է հայտնել, որ հնարավոր կլինի խուսափել նման զարգացումներից:
Facebook Forum