Մատչելի հղումներ

Նախագահ Թրամփի վարչակազմը նոր պատժամիջոցներ է սահմանել ռուս 38 գործիչների ու ընկերությունների նկատմամբ: Նրանց մի հատվածը բարձրաստիճան պաշտոնյաներ են:

ԱՄՆ-ը հայտարարել է 38 ռուսաստանցի գործարարների, պաշտոնյաների ու ընկերությունների նկատմամբ պատժամիջոցների կիրառման մասին: Այդ ցուցակում են հայտնվել նախագահ Պուտինի մերձավոր օլիգարխ Օլեգ Դերիպասկան և նրան պատկանող 12 ընկերությունները, 17 ռուսաստանցի բարձրաստիճան պաշտոնյաներ, ինչպես նաև ռուսական պետական ընկերությունը, որը զբաղված է զինամթերքի վաճառքով:

Ամերիկյան կողմը պնդում է, որ պատժամիջոցների սահմանումը կապված չէ մեկ իրադարձության հետ, այլ փորձ է հակադրվելու Ռուսաստանի ներկայիս ապակառուցողական և վնասակար գործունեությանը:

Լրագրողների հետ զրույցում որպես փաստարկներ ամերիկացի պաշտոնյաները նշել են Ղրիմի բռնակցումը, Արևելյան Ուկրաինայի ապակայունացումը, Սիրիայի նախագահ Բաշար Ասադի վարչակարգին աջակցությունը, ռուսական կիբերհարձակումների իրականացումը և Ռուսաստանի հարձակումներն արևմտյան ժողովրդավարությունների դեմ:

Միացյալ Նահանգները գտնում է, որ այս միջոցով հնարավոր է հասնել նրան, որ ռուսական վերնախավն ու օլիգարխները օգտագործեն իրենց ազդեցությունը Ռուսաստանի ապակառուցողական գործունեության դադարեցման համար:

Պատժամիջոցները կարգելափակեն ռուս օլիգարխների բոլոր այն միջոցները, որոնք գտնվում են ամերիկյան կողմի իրավասության ներքո:ԱՄՆ-ի քաղաքացիներին արգելվում է որևէ գործունեություն ծավալել պատժամիջոցների ենթարկված կառույցների կամ անձանց հետ: Պատժամիջոցները տարածվում են նաև այն ընկերությունների նկատմամբ, որոնց բաժնետոմսերի կեսը պատկանում է պատժամիջոցների ենթարկված անձին:

Facebook Forum

XS
SM
MD
LG