Մատչելի հղումներ

Թբիլիսին ցանկանում է եվրաինտեգրացումը հասանելի դարձնել Աբխազիայի ու Հարավային Օսիայի համար


Վրաստանը նոր նախաձեռնությամբ է հանդես եկել՝ կապված Աբխազիայի ու Հարավային Օսիայի հետ: Այն ցանկանում է եվրաինտեգրացումը հասանելի դարձնել վերջիններիս համար:

Վրաստանի կառավարությունն առաջ է քաշել նոր նախաձեռնություն՝ ուղղված Աբխազիայի ու Հարավային Օսիայի բնակիչների կյանքի բարելավմանը: Վրաց պաշտոնյաներն այն կոչել են «Քայլ դեպի ավելի լավ ապագա»:

Կառավարության այս նախաձեռնությունը, որը ուղարկվել է խորհրդարան, նպատակ ունի, ինչպես նշում է վրացական կողմը, բարելավելու այս երկրամասերի տնտեսական և սոցիալական պայմանները:

Ձեռնարկվող միջոցառումների շարքում են առևտրային շրջանառության աշխուժացումը, այս տարածքների բնակչության համար եվրոպական ինտեգրացումից օգտվելու պայմանների ստեղծումը, ներառյալ վիզային ռեժիմի վերացման փաստը, ինչպես նաև երիտասարդների համար կրթություն ստանալու հնարավորության ընդլայնումը:

Դեռևս հայտնի չէ, թե ինչպես է արձագանքել այս նախաձեռնությանը ռուսական կողմը: Իր հերթին Վրաստանի արտգործնախարարը Միխեիլ Ջանելիձեն ընդգծել է, որ Ռուսաստանը ամեն կերպ փորձում է Աբխազիայի և Հարավային Օսիայի համար փակել բոլոր հնարավորությունները: Նա նշում է, որ մարդիկ այնտեղ ապրում եմ մեկուսացված և հնարավորություն չունեն օգտվել Վրաստանի եվրաինտեգրացումից:

Հիշեցնենք, որ 2008 թվականի պատերազմից հետո Ռուսաստանն ու մի քանի այլ երկրներ ճանաչեցին Աբխազիայի ու Հարավային Օսիայի անկախությունը: Վրաստանը չի ճանաչում վերջիններիս անկախությունը և դրանք համարում իր տարածքի մի մաս, որը զավթված է Ռուսաստանի կողմից: Միացյալ Նահանգները, Արևմուտքն ու միջազգային հանրության զգալի մասը աջակցում են Վրաստանին այս հարցում:

Facebook Forum

XS
SM
MD
LG