ԱՄՆ-ի նախագահը համոզված է, որ անարդար արտոնություններ է ստանձնել ''Ամազոն'' առցանց առեւտրի ընկերությունը, ինչից հարկավոր է նրան զրկել, ապահովելու համար արդար պայմաններ:
Թրամփը հինգշաբթի օրը հայտարարել է, թե ուշադիր հայացք է նետելու առցանց գործող Amazon.com ընկերության, իր խոսքերով ասած, բիզնեսի բնագավառում անարդար արտոնությունների վրա: Նա մեղադրում է Amazon-ին, հավասար կանոններով չգործելու եւ ոչ բավարար հարկեր վճարելու մեջ:
‘’Մենք դեռ պիտի որոշենք, թե ինչ է լինելու: Խաղի կանոնները պետք է գործեն բոլորի նկատմամբ հավասարության սկզբունքով: Դա ամենակարեւորն է’’, ասել է նա:
Հարցին, թե արդյոք ինքն ուզում է փոփոխություն իրականացնել առցանց առեւտրային ընկերության նկատմամբ գործող քաղաքականության մեջ, Թրամփը պատասխանել է, որ ուշադրությամբ պիտի զննի իրականությունը: Այս խոսքերն արտասանելուց մեկ օր առաջ էր Թրամփը ‘’Վաշինգտոն փոսթ’’ օրաթերթն անվանել ‘’Ամազոն’’-ի համար լոբիինգի գլխավոր դերակատար:
Հիշեցնենք, որ ‘’Վաշինգտոն փոսթ’’-ը մասնավոր ընկերություն է, որը պատկանում է ‘’Ամազոն’’-ի հիմնադիր ու գործադիր տնօրեն Ջեֆ Բեյզոսին:
Բեյզոսն ու թերթը, սակայն, հայտարարել են, որ Բեյզոսը երբեւիցե չի միջամտում լրագրողական որոշումներին: