Իրանի, Թուրքիայի ու Ռուսաստանի միջև առկա են բազմաթիվ հակասություններ: Չնայած դրան՝ այս երկրի առաջնորդներն ակտիվորեն փորձում են համագործակցության եզրեր գտնել Սիրիայի հակամարտության կարգավորման հարցում:
Այս օրերին Անկարայում էր անցնում երեք երկրների նախագահների գագաթաժողովը, որի հիմնական հարցն էր Սիրիայի հիմնախնդիրը: Հիմնական հարցերից մեկը վերաբերվում էր սիրիացի փախստականների վերադարձին, որը չափազանց զգայուն հարց է Թուրքիայի համար: Այսօր Թուրքիայում են ապաստանել սիրիացի շուրջ 3 միլիոն փախստականներ:
Մյուս խնդիրն էր Սիրայի տարածքային ամբողջականությունը: Երեք նախագահներն էլ կողմնակից են դրա պահպանմանը:
Գագաթաժողովին Թուրքիայի նախագահը կրկին սպառնացել է շարունակել թուրքական բանակի առաջխաղացումը Սիրիայի այն տարածքներում, որոնք գտնվում են քրդական զորամիավորումների վերահսկողության ներքո: Խոսքը քրդական ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատների մասին է, որոնք ԱՄՆ-ի դաշնակիցներն են Դաեշ-ի դեմ պայքարում: Թուրքիան այս զորամիավորումները համարում է ահաբեկչական կառույցներ:
Որոշ աղբյուրների համաձայն գագաթաժողովին Էրդողանը փորձել է ստանալ իր իրանցի ու ռուս գործընկերների աջակցությունը՝ Սիրիայում ավելի լայնածավալ ռազմական գործողություններ սկսելու համար: Դեռևս պարզ չէ, թե ինչպես են արձագանքել նախագահներ Պուըտինն ու Ռոհանին Էրդողանի այս նպատակներին:
Սակայն գագաթաժողովին հնչեցվել է Վաշինգտոնին ուղղված քննադատություն:
«Որոշ մեծ տերություններ, մասնավորապես ԱՄՆ-ը, ցանկանում են, որ տարածաշրջանում մնան այնպիսի ահաբեկչական կազմակերպություններ, ինչպիսիք են Դաեշ-ն ու Ալ-Նուսրան՝ դրանց որպես գործիք օգտագործելու և այս իրավիճակից շահեկան դուրս գալու համար: Սակայն Իրաքն ու Սիրիան բարեկամ երկրների օգնությամբ կարողացան դիմադրել այս նպատակներին»,- հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին:
Անկարայի գագաթաժողովին հստակ ընդգծվեց երեք երկրների ցանկությունը միավորվել ընդդեմ ԱՄՆ-ի շահերի: Նախագահները պայմանավորվել են հաջորդ գագաթաժողովը գումարել Իրանի մայրաքաղաք Թեհրանում:
Facebook Forum