Մատչելի հղումներ

Մեքսիկայի հետ սահմանը կվերահսկի ամերիկյան բանակը


Սպիտակ տունը օրերս հայտարարել է, որ ԱՄՆ-ի ու Մեքսիկայի սահմանին այսուհետ կտեղակայվեն ամերիկյան բանակային ստորաբաժանումները: Վերջերս նախագահ Թրամփը քննադատել էր հարևան երկրին, որ այն չի պայքարում անօրինական ներգաղթյալների հոսքի դեմ:

Սպիտակ տունը հանդես է եկել նոր նախաձեռնությամբ ներգաղթի ոլորտում: Ինչպես նշում է Ազգային անվտանգության նախարա Քրիսթյեն Նիելսենը, նախագահ Թրամփը կարգադրել է ամերիկյան բանակի ազգային գվարդիայի ստորաբաժանումներ ուղարկել՝ ԱՄՆ-Մեքսիկա սահմանը պաշտպանելու համար:

Այս նախաձեռնությունն առաջ է քաշվել այն բանից հետո, երբ նախագահ Թրամփը քննադատել է Կենտրոնական Ամերիկայից ժամանող ներգաղթյալների դեմ մեքսիկական իշխանությունների անգործունեությունը: Այդ ներգաղթյալների զգալի հատվածն ի վերջո ապաստան են գտնում ԱՄՆ-ում կամ այստեղ հաստատվում անօրինական:

«Միայն Աստվածն է կարող կանգնեցնել մեզ: Թրամփը չի կարող անել դա, եթե անգամ այստեղ բերի բանակը: Եթե Աստված կամենա, մարդկանց ներգաղթը կշարունակվի»,- ասում է Հոնդուրասից ներգաղթած Գուստավո Սանչեսը:

Ներգաղթյալներից սահմանն ավելի ուժեղ պաշտպանելու կողմնակիցները, սակայն, մտահոգություն են հայտնում Թրամփի քննադատության առիթով:

«Պետք է կոշտ միջոցներ ձեռնարկել, հակառակ պարագայում վտանգ կա, որ այսպիսով գովազդվում է այդ քարավանների միջոցով ներգաղթը»,- ասում է Ներգաղթի ուսումնասիրության կենտրոնի ղեկավար Մարկ Կրիկորյանը:

Այս պահին սակայն ԱՄՆ-ի Կոնգրեսը շատ փորք գումար է հատկացրել Մեքսիկայի հետ սահմանային պատի կառուցման համար: Ի պատասխան նախագահ Թրամփը կարգադրել է ամերիկյան բանակի ստորաբաժանումներ տեղակայել սահման:

Այսպիսով նախագահ Թրամփը դարձել է երրորդ նախագահը, ով վերջին շրջանում ազգային գվարդիայի ստորաբաժանումներ է տեղակայում Միացյալ Նահանգների հարավային սահմանին: Բանակի գործողություններն այստեղ սակայն ունեն որոշակի սահմանափակումներ:

«Բանակը չի կարող խառնվել ներքին օրինականության պահպանման հարցերին: Ազգային գվարդիան մի փոքր այլ կերպ է ընկալվում, սակայն դաշնային օրենսդրությունը ևս արգելում է նրան կատարել սահմանային վերահսկողության գործառույթը»,- ասում է Քաթո հաստատության վերլուծաբան Դեյվիդ Բիերը:

Ներգաղթի ոլորտի օրենսդրության փոփոխության առումով գործող վարչակազմը պետք է աշխատանքներ տանի ԱՄՆ-ի Կոնգրեսի հետ: վարչակազմի համար կարևոր հարցերից են անօրինական ներգաղթյալների կալանավորման կամ ազատ արձակման խնդիրը: Մեկ այլ հարցերից է անօրինական ներգաղթյալների երեխաների կամ երիտասարդ ներգաղթյալների հետ կապված հարցերը:

«ԱՄՆ-ի Կոնգրեսը դեռևս շարունակում է մնալ այն կարծիքին, որ երեխաներն ու երիտասարդները պետք է ավելի պաշտպանված լինեն, ուստի պետք չէ նրանց կալանավորել մինչև դատական լսումների օրը»,- նշում է Ներգաղթի քաղաքականության հաստատության վերլուծաբան Էնդրյու Սելեը:

Հաջորդ շաբաթ կմեկնարկի ԱՄՆ-ի Կոնգրեսի հերթական նստաշրջանը, սակայն ներգաղթի խնդրի առնչությամբ համաձայնություն չի ակնկալվում, քանի որ այժմ կոնգրեսականներն առաջնությունը տալիս են գալիք նոյեմբերի ընտրություններին:

Facebook Forum

XS
SM
MD
LG