Ապրիլի 3-ի կեսօրին Կալիֆոռնիա նահանգում ոստիկանությունը ստացել է ահազանգ, որ Սան Ֆրանցիսկոյի հարավում գտնվող Սիլկիկոնային հովտի Youtube ընկերության գրասենյակից դուրս են վազում աշխատակիցները:
Ականատեսները հաղորդել են գրասենյակից լսվող կրակոցների մասին: Ականատեսներից մեկը տեսել է զինված հարձակում իրականացնողին:
«Կրակողը կին էր: Ես բղավեցի «զինված հարձակում», և բոլորը սկսեցին փախչել»,- պատմում է ականատես Դայանա Արնսփիգերը:
Րոպեներ անց ժամանեց ոստիկանությունը:
Ոստիկանության հաղորդմամբ զինված հարձակում իրականացնողը սպանված էր, իսկ վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց:
«Այս պահին ընդունել ենք երեք վիրավորների՝ մեկ տղամարդ, երկու կին: Վիրավորներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է, մյուսինը՝ ծանր, իսկ երրորդ վիրավորի վիճակը գնահատում ենք միջին ծանրության»,- նշել է Սան Ֆրանցիսկոյի հիվանդանոցի ներկայացուցիչ Բրենտ Անդերսը:
Ոստիկանությունը տեղեկացնում է, որ հանցանքի վայրում այս պահին ընթանում են հետաքննչական գործողություններ:
Facebook Forum