Մատչելի հղումներ

RT հեռուստաընկերության ոդիսականը 


RT հեռուստաընկերությունը պնդում է, որ միտումնավոր զրկվել է մայրաքաղաքում հեռարձակելու հնարավորությունից: Bloomberg-ի հետաքննությունը ժխտում է այս պնդումը:

Մարտի 29-ին ռուսական RT հեռուստաընկերության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը թվիթերյան գրառման միջոցով հաղորդել է, որ իր գլխավորած հեռուստաընկերությանը զրկել են մայրաքաղաք Վաշինգտոնում հեռարձակման հնարավորությունից: Որպես պատճառ Սիմոնյանը նշել է հեռուստաընկերության «օտարերկրյա գործակալություն» իրավաբանական կարգավիճակը: Դրա մասին գրում է Polygraph-ը:

Նույն օրը Bloomberg գործակալությունը ներկայացրել է տեղի ունեցածը, ըստ որի՝ Վիրջինիա նահանգում գործող երկու թվային կայանները՝ WNVT-ն ու WNVC-ն, դադարեցրել են իրենց գործունեությունը: Այս կայանների միջոցով հեռարձակվում էին բազմաթիվ այլ օտարերկրյա հեռուստաալիքներ, ներառյալ RT-ն: Թվային կայաններն արդեն մոտ մեկ տարի է այս գործընթացի մեջ են, և, ըստ Bloomberg-ի, այն սկսվել էր դեռևս այն ժամանակ, երբ RT-ն չուներ «օտարերկրյա գործակալության» կարգավիճակ:

Այս երկու թվային կայաններն իրենց պատվերները ստանում էին MHZ Network ընկերությունից: Բացի RT-ից, այս ընկերության միջոցով հեռարձակում էին կազմակերպում նաև թուրքական TRT World, ֆրանսիական France 24 և գերմանական Deutsche-Welle լրատվամիջոցները: MHZ-ի հիմնադիր ու տնօրեն Ֆրեդերիկ Թոմասը հավաստիացնում է, որ RT-ի կարգավիճակը որևէ կերպ կապված չէ թվային կայանների գործունեության դադարեցման հետ:

Նախկինում ևս RT-ի ղեկավարությունն աչքի էր ընկնում հակասական տեղեկատվության տարածմամբ: Հայտնի է, որ վերջինիս իրավաբանական նոր կարգավիճակի տրամադրումը որևէ կերպ չի արգելափակում հեռուստաընկերության տեղեկության տրամադրման հնարավորությունը: Այն պարտադրում է տարեկան մեկ անգամ բացահայտել հեռուստաընկերության ֆինանսական աղբյուրներն ու համապատասխան գրառում կցել տարածած տեղեկության վրա:

Ապրիլի 2-ին ռուսական պետական «Սպուտնիկ» լրատվամիջոցը հաղորդել է, որ MHZ ընկերությանը պարտադրել են դուրս բերել RT-ին եթերից: «Սպուտնիկ»-ը վկայակոչել է ընկերության տնօրեն Ֆրեդերիկ Թոմասի հրաժարումը տրամադրել որևէ մեկնաբանություն Associated Press գործակալությանը : Սակայն այս տեղեկությունը հակասում է ընկերության տնօրենի կողմից Bloomberg-ին տված բացատրության փաստին, ուր ընդգծվում է, որ երկու վերոհիշյալ թվային կայանների ալիքների աճուրդը տեղի էր ունեցել դեռևս անցած տարի, և այս փաստը հայտնի էր բոլորին ամիսներ առաջ:

Facebook Forum

XS
SM
MD
LG