Մատչելի հղումներ

Ցիպրասը կոչ է անում Էրդողանին ազատ արձակել հույն սահմանապահներին


Հունաստանի կառավարության նիստին երկրի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը կոչ արեց Թուրքիային ազատ արձակել մարտին ձերբակալված հույն երկու սահմանապահներին և մեղադրեց Անկարային իրավիճակի ապակայունացման մեջ:

Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը կոչ է արել Թուրքիային ազատ արձակել հույն երկու սահմանապահներին, ովքեր ձերբակալվել են Թուրքիայի տարածքում: Նա մեղադրել է Թուրքիային իրավիճակի ապակայունացման մեջ:

Հիշեցնենք, որ մարտ ամսին հույն երկու սահմանապահները հատել են թուրքական սահմանը ծառայություն իրականացնելիս, որի արդյունքում ձերբակալվել են:

«Սկսեմ մեր արևելյան հարևան Թուրքիայից, որը վերջերս հրահրիչ գործողություններ է իրականացնում բոլոր ասպարեզներում»,- հայտարարել է վարչապետ Ցիպրասը:

Հունաստանը պնդում է, որ զինվորները պատահաբար են հատել սահմանը, սակայն Թուրքիան հարուցել է քրեական գործ անօրինական ներգաղթի մեղադրանքով:

«Կոչ ենք անում մեր հարևանին դադարեցնել փակուղային հռետորաբանության միջոցով իրավիճակի սրումը, որը տանում է փակուղի: Երբ ինչ որ մեկը խնդիրներ ունի սեփական տանը, ամենավատն, ինչ կարող է անել հարևաններին, մեղադրելն է»,- ասում է Հունաստանի վարչապետը:

Հունաստանի կառավարության նիստի ընթացքում վարչապետ Ցիպրիսը անուղղակիորեն դիմեց Թուրքիայի նախագահ Էրդողանին:

«Ինչպես մենք նախկինում ազատ էինք արձակում թուրք սահմանապահներին, ովքեր մի քանի մետրով խախտում էին մեր սահմանը, այնպես էլ, հուսամ, կվարվի Թուրքիայի նախագահն այս դեպքում»,- հայտարարել է Ցիպրասը:

ՆԱՏՕ-ի երկու անդամ երկրների՝ Հունաստանի ու Թուրքիայի միջև հարաբերությունները մշտապես լարված են մի շարք տարածքային խնդիրների պատճառով, ներառյալ Կիպրոսի հիմնախնդիրը: Ժամանակ առ ժամանակ հարաբերությունները երկու հարևանների միջև է՛լ ավելի են սրվում, ինչպես տեղի է ունենում վերջին շրջանում:

XS
SM
MD
LG