Ռուսաստանցի օրենսդիր Լեոնիդ Սլուցկիի հետ կապված սեռական ոտնձգության վերաբերյալ սկանդալը նոր ընթացք է ստանում: Ռուսաստանի խորհրդարանի էթիկայի հանձնաժողովի օրենսդրին արդարացնելու մասին որոշումը բողոքի մեծ ալիք է բարձրացրել երկրում: Ի նշան բողոքի շուրջ 30 ռուսական լրատվամիջոցներ հրաժարվել են այսուհետ լուսաբանել Ռուսաստանի Պետական դումայի գործունեությունը:
Իսկ Միացյալ Նահանգներում տուժած կանանց աջակցություն է հայտնում Կանանց ազգային ժողովրդավարական ակումբը:
«1991 թվականին Անիտա Հիլն առաջ քաշեց այս հարցը և ենթարկվեց քննադատության դրա վերաբերյալ բարձրաձայնելու համար: Կարծում եմ, այն ինչ տեղի ունեցավ այստեղ, խորհրդանշական է, երբ բազմաթիվ կանայք Հոլիվուդում, հեռուստատեսության ոլորտում առաջ եկան և հնարավորություն ստեղծեցին բարձրաձայնելու այս խնդրի մասին: Ուստի կոչ եմ անում ռուս կանանց չհուսահատվել և չվախենալ»,- ասում է կոնգրեսական Ջեքի Սփիերը:
Կոնգրեսական Սփիերը տեղեկացրեց, որ այսօր ԱՄՆ-ի կոնգրեսի անդամները պարտավոր են անցնել սեռական ոտնձգության մասին դասընթաց: Վերջերս ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատն ընդունել է օրենք, որը սեռական ոտնձգության զոհերին հնարավորություն կտա ավելի հեշտությամբ պաշտպանել իրենց իրավունքները:
«Այսպիսով, նախ սկզբում օրենքը նախատեսում է զոհի համար իրավաբանական խորհրդատվություն, որը չափազանց օգտակար է: Այն վճարում է ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատը: Եթե կողմերը հասնում են համաձայնության, ապա ԱՄՆ-ի գանձատունը զոհին փոխհատուցում է ամբողջությամբ, այնուհետև այդ գումարները գանձում ոտնձգողից»,- ասում է կոնգրեսականը:
Այսպիսով, նոր օրենքով ոտնձգողը պարտավոր է փոխհատուցել զոհին սեփական գրպանից:
«Այսօր համացանցը մեծ հնարավորություն է ստեղծել կանաց համար բարձրաձայնելու խնդրի մասին, որը ստեղծում է զգացողություն, որ սա մասնավոր խնդիր չէ: Սա չի վերաբերում միայն մեկ անձի, և կանայք այսպիսով զգում են բազմաթիվ այլ կանանց աջակցությունը: Սա բազմաթիվ կանանց համար լուրջ խթան է սեփական պատմության մասին բարձրաձայնելու համար»,- նշում է Կանանց ազգային կենտրոնի փաստաբան Էմիլի Մարտինը:
Դեռևս պարզ չէ, թե ինչպիսի վերջաբան կունենա Սլուցկիի հետ կապված գործը, և արդյոք դա նշմարում է փոփոխություններ Ռուսաստանում, սակայն պատգամավոր Սլուցկիի հրաժարականի պահանջները և Ռուսաստանի խորհրդարանի էթիկայի հանձնաժողովի որոշման դեմ բողոքները աստիճանաբար ավելի մեծ արձագանք են ստանում երկրում:
Facebook Forum