Պասեքի նախօրեի երգերն ու օրհնություններն ավանդաբար հնչում են հավատացյալ հրեաների տանը՝ ընտանեկան սեղանի շուրջ: Սակայն, այս անգամ դրանք հնչում են Մանհաթանի մզկիթներից մեկում: Սեղանի շուրջ հավաքվել են հրեաներ եւ մահմեդականներ: Բրուքլինի հրեա-մահմեդական համերաշխության կոմիտեի այս նախաձեռնության նպատակն է՝ մարդկանց միմյանց մոտեցնել, ասում է իմամ Ահմեդ Դեվիդարը.
«Երբ Մահմեդ մարգարեն մեկնում էր Ալ Մադինա, նա տեղեկացավ, որ հրեա համայնքը ծոմ է պահում: Տեղեկանալով, որ տոնը համընկնում է Ասուրայի 10-րդ օրվա հետ, նա ասում է՝ մենք պետք է միասին նշենք մեր տոները»:
«Ղուրանը սուրբ է, Թորան՝ սուրբ է: Մենք դրանք ուսումնասիրում ենք, դրանցից սովորում: Դրանք են մեր ավանդույթների հիմքում», - Ռաբի Լորեն Գրաբել Հեռմանը հիշեցնում է, որ սա մզկիթում անցնող երրորդ հրեական տոնակատարություններն են:
Տոնակատարությունների մասնակիցները կարդում են սուրբ գրքերն ու վայելում հատուկ այս օրվա համար պատրաստված ճաշատեսակները: Կազմակերպիրներից մեկի՝ Միշել Քոչի խոսքով, Ղուրանի եւ Թորայի մեկը մյուսի հետեւից հնչող տողերը միասնության հույս են արթնացնում.
«Միջոցառման նպատակը ոչ թե դարձնել մյուսներին: Մեր նպատակն է ցույց տալ միմյանց մեր ավանդույթները, կիսվել միմյանց հետ»:
Մասնակիցները գոհ են, ասում են, նման տոնակատարության մասին երբեք չես մոռանա:
«Այստեղ մարդկանց մեջ ես տեսնում եմ հույս՝ չնայած ամեն ինչի, չնայած ընդհանուր մթնոլորտի, մենք հզոր ենք միասին», - ասում է Մելանի Ռոբինսը:
Կոմիտեն նաեւ կազմակերպում է մահմեդական տոնակատարություններ Նյու Յորքի սինագոգներում:
Facebook Forum