Մատչելի հղումներ

Վաշինգտոնը լավատես է, սակայն շարունակում է ճնշումներ գործադրել Փհենյանի դեմ


Սպիտակ տունը ողջունել է Չինաստանի ու Հյուսիսային Կորեայի ղեկավարների հանդիպումը որպես դրական միտում Վաշինգտոնի ու Փհենյանի միջև հանդիպումից առաջ: Նախագահ Թրամփը, սակայն, շարունակում է ճնշում գործադրել Հյուսիսային Կորեայի նկատմամբ:

Վաշինգտոնը դրական է գնահատել Չինաստանի ու Հյուսիսային Կորեայի ղեկավարների հանդիպումը: Նախագահ Թրամփը թվիթերյան գրառման միջոցով հույս է հայտնել, որ Կիմ Ջոն Ընը ճիշտ քայլեր կկատարի ի նպաստ իր ժողովրդի ու մարդկության:

«Մեր լավատեսությունը զգուշավոր է, սակայն զգում ենք, որ ամեն ինչ ընթանում է ճիշտ ուղղությամբ»,- ասում է Սպիտակ տան մամլո խոսնակ Սառա Սանդերսը:

Վաշինգտոնը շարունակում է ճնշում գործադրել Հյուսիսային Կորեայի նկատմամբ՝ որդեգրելով սպասողական քաղաքականություն: ԱՄՆ-ի վարչակազմն ընդգծում է իր որդեգրած ճնշումների ու պատժամիջոցների քաղաքականության արդյունավետությունը Հյուսիսային Կորեայի հարցում:

Կիմ Ջոն Ընի այցը Չինաստան նրա արտասահմանյան առաջին այցն էր 2011 թվականին իշխանությունը ստանձնելուց ի վեր: Հյուսիսային Կորեայի ղեկավարը համաձայնվել է նաև ապրիլի 27-ին հանդիպել Հարավային Կորեայի իր գործընկերոջ հետ երկու Կորեաների միջև ընկած սահմանային գոտում:

«Բնական է, որ կարևոր հանդիպումների նախօրեին Փհենյանը Սեուլին ցույց է տալիս, որ ունի աջակցություն: Չինաստանը որոշ առումով Հյուսիսային Կորեայի գործընկերն է, և չնայած կողմերի միջև որոշ լարվածությանը՝ սա միջոց է ցույց տալու հանդիպումից առաջ, որ Կիմ Ջոն Ընը մեկուսացած չէ»,- նշում է Դուգլաս Փաալը Քարնեգիի անվան կենտրոնից:

Վերլուծաբանները սակայն այնքան էլ լավատես չեն հետագա զարգացումների առումով, քանի որ չի բացառվում, որ ի պատասխան ապամիջուկայնացման պահանջի, Հյուսիսային Կորեան առաջ կքաշի պայմաններ, որոնք անընդունելի կլինեն Վաշինգտոնի և Սեուլի համար, ներառյալ ամերիկյան զորքերի դուրս բերումը, ամերիկյան միջուկային պաշտպանական համակարգի և Սեուլ-Վաշինգտոն դաշինքի վերացումը:

Ապրիլյան միջկորեական երկխոսությանը կարող է հաջորդել Վաշինգտոն-Փհենյան գագաթաժողովը, իսկ մինչ այդ ամերիկյան վարաչակազմը կշարունակի ճնշումներ գործադրել Հյուսիսային Կորեայի դեմ:

Facebook Forum

XS
SM
MD
LG