Մատչելի հղումներ

Մարդահամարում քաղաքացիության հարցը բանավեճերի ալիք է բարձրացրել


Ըստ ԱՄՆ-ի Առևտրի վարչության այս փոփոխությունը ավելի հստակ տեղեկություն կտրամադրի ԱՄՆ-ի բնակչության վերաբերյալ, մինչդեռ ընդդիմադիրները վստահ են, որ այն կճնշի օրինական փաստաթղթեր չունեցող ներգաղթյալներին:

«Դուք ԱՄՆ-ի քաղաքացի՞ եք»,- քննարկումների թեմա դարձած այս հարցը ավելացվել է 2020 թվականի ԱՄՆ-ի մարդահամարի հարցաշարին:

Սպիտակ տան խոսնակ Սառա Սանդերսը մամլո ասուլիսի ժամանակ ասել է,- «Այս տեղեկությունը մեզ հնարավորություն կընձեռի ավելի արդյունավետ կերպով պահպանել օրենքով սահմանված ընթացակարգը»:

Թեև Սպիտակ տունը վստահեցնում է, որ այս հավելումը կապահովի բնակչության ճշգրիտ հաշվարկը, Կալիֆոռնիան անմիջապես դատական գործ է հարուցել այս քայլն արգելափակելու համար:

Կալիֆոռնիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Ալեքս Փադիլլան այս մասին ասել է,- «Ցավոք սրտի ԱՄՆ-ում բնակվող յուրաքանչյուր անձի քաղաքացիությունը հարցի տակ դնելը, մեր նախագահի՝ ներգաղթի դեմ մեր երկրում թշնամանք ստեղծելու նպատակի մի մասն է»:

Տասը տարին մեկ անցկացվող մարդահամարը ԱՄՆ-ի կառավարությանը նշանակալի տեղեկություն է տրամադրում դաշնային բյուջեի հաստատման և այլ որոշումներ կայացնելու համար: Քաղաքացիության հարցը ընդգրկված է եղել մարդահամարի հարցաշարի ցանկում մինչև 1950 թվականը: Այդ ժամանակից ի վեր երկրից դուրս ծնված ԱՄՆ-ի բնակչության թիվը զգալիորեն աճել է:

Այս նախաձեռնության աջակիցների կարծիքով ներգաղթյալների վախը անհիմն է:

Ամերիկայի ներգաղթի բարեփոխումների ֆեդերացիայից Դեն Սթեինը այս առիթով ասել է,- «Ոչ ոք չի կարող պնդել, որ այս տեղեկությունը կարող է օգտագործվել ներգաղթի վերաբերյալ օրենքները փոփոխելու նպատակով, քանի որ դա օրենսդրությամբ արգելվում է: Այսինքն, այս փոփոխությանը դեմ հանդես եկողների միակ նպատակն է ԱՄՆ-ի ժողովրդին զերծ պահել երկրում անօրինական կերպով բնակություն հաստատած անձանց իրական թիվը պարզելուց»:

Մինչ դատարանը զբաղված կլինի հաջորդ երկու տարիների ընթացքում այս հարցի շուրջ լսումներով, ևս տասը նահանգ արդեն իսկ հետևել են Կալիֆոռնիայի օրինակին և դատական գործ հարուցել այս որոշման դեմ:

XS
SM
MD
LG