Մատչելի հղումներ

Բռնապետ Կիմը Չինաստանից օգնություն է խնդրում


Պեկինի կենտրոնական կայարանում անվտանգության արտակարգ միջոցներ են: Պատճառը՝ Փհենյանից հատուկ գնացքի ժամանումն է: Հյուսիսային Կորեայի բռնապետ ղեկավար Կիմ Ջոն Ընը Չինաստան է ժամանել Հարավային Կորեայի եւ, հնարավոր է, ԱՄՆ-ի բարձրագույն ղեկավարների հետ հանդիպման նախաշեմին, ասում է Հոնկոնգի Չինական Համալսարանի վերլուծաբան Սթիվ Չանգը.

«Հյուսիսային Կորեան ԱՄՆ-ի հետ բանակցություններում լիակատար զիջումների չի գնալու, այդ պատճառով նրանց համար կարեւոր է բանակցություններից առաջ Պեկինից աջակցության երաշխիքներ ստանալ»:

Չինաստանը Հյուսիսային Կորեայի առավել սերտ դաշնակիցն է, սակայն Փհենյանի կողմից անցկացված միջուկային եւ բալիստիկ հրթիռների հանդուգն փորձարկումները սպիպեցին նույնիսկ Չինաստանին պատժամիջոցներ ընդունել: Փորձագետների խոսքով սակայն, այժմ Հյուսիսային Կորեայում հումանիտար վիճակը սաստկացել է:

«Հյուսիսային Կորեայում տնտեսական վիճակն այնքան է վատթարացել, որ Կիմ Ջոն Ընը ստիպված է անձամբ խնդրել Սի Ծինպինից թուլացնել պատժամիջոցները», - նշում է Չանգը:

Վերլուծաբանի խոսքով, Չինաստանը հավանաբար հիմնական միջնորդն է հանդիսանում Հյուսիսային Կորեայի եւ ԱՄՆ-ի ու Հարավային Կորեայի առաջիկա բանակցություններում: Կարծիք, որը հաստատում է նաեւ պաշտոնական Պեկինը:

«Չինաստանը պատրաստ է աջակցել բոլոր ջանքերը, որոնք միտված են թերակղզու ապամիջուկայնացմանը եւ օգնում են այստեղ խաղաղություն եւ կայունություն հաստատել», - նշել է Չինաստանի արտգործնախարարության մամլո խոսնակ Հուա Չունինգը:

Չինաստանի պետական լրատվամիջոցները հաղորդում են, որ Կիմ Ջոն Ընը Պեկին էր այցելել Չինաստանի նախագահ Սի Ծինպինի հրավերով:

Facebook Forum

XS
SM
MD
LG