Մատչելի հղումներ

Վաշինգտոնում քննարկվել է ժամանակակից ավտորիտարիզմի առանձնահատկությունները


Freedom House կազմակերպությունը կազմակերպել էր ժամանակակից ավտորիտարիզմի ու ժողովրդավարության խնդիրների մասին քննարկում, որին մասնակցում էին ոլորտի մի շարք առաջատար փորձագետներ:

Ժամանակակից ավտորիտարիզմի հատկությունները սերտորեն կապված են ավելի վաղ շրջանի ավտորիտարիզմի հետ, ասում է Խաղաղության ինստիտուտի ավագ փորձագետ Մարիա Սթեֆանը Freedom House հաստատությունում կազմակերպված ժամանակակից ավտորիտարիզմի և ժողովրդավարության խնդիրների մասին քննարկմանը:

«Ժամանակակից ավտորիտարիզմը դասեր է քաղել այսպես կոչված նախորդ շրջանների ավտորիտարիզմից՝ յուրացնելով վերջին 30-40 տարիների ընթացքում, թե ինչպես կարելի է հակազդել ակտիվիստների ու ընդդիմության մարտավարությանը»,- ասում է Ստեֆանը։

Քննարկման բանախոսները համակարծիք են, որ մերօրյա ավտորիտարիզմը, որը լայնորեն գլուխ է բարձրացնում աշխարհի տարբեր հատվածներում, ավելի խնդրահարույց երևույթ է, քանի որ ճնշումների ու բռնության հետ մեկտեղ իշխանությունը պահպանելու համար ավտորիտար վարչակարգը ակտիվորեն օգտագործում է իշխանությանը բնորոշ մի շարք մեղմ գործիքներ, ինչպիսիք են սոցցանցերը, տեղեկատվական բազմաթիվ հարթակներ, օրենսդրական դաշտը:

Վերջինիս հարմարեցումը սեփական նպատակներին դարձել է ժամանակակից ավտորիտարիզմի վառ դրսևորումներից մեկը, հատկապես երկրի սահմանադրությունը:

«Կարծում եմ օրենսդրական համակարգի օգտագործումը մերօրյա ավտորիտարիզմի կարևոր գործոններից է: Այն ներառում է նաև սահմանադրական փոփոխությունների միջոցով իշխանության պահպանումը»,- նշում է Ստեֆանը:

«Այսօր ականատես ենք, թե ինչպես են իշխանությանը մնալու նպատակով ավտորիտար առաջնորդները օգտագործում օրենքները: Որոշ դեպքերում այդ նպատակի համար կիրառվում է հանրաքվեն»,- նշում է Human Right Watch կազմակերպության Վաշինգտոնի գրասենյակի ղեկավար Սառա Մարգոն:

Քննարկման բանախոսները համակարծիք են, որ մերօրյա ավտորիտարիզմի առանձնահատկություններից է նաև տեխնոլոգիական միջոցների և թվայնացվող աշխարհի հնարավորությունների օգտագործումը, ինչի միջոցով վարչակարգերն ավելի հեշտությամբ են իրականացնում քարոզչությունը:

"Կարծում եմ մեր օրյա ավտորիտարիզմի տարբերությունն այն է, որ այն լայնորեն օգտագործում է թվային միջոցները",- ասում է Ստեֆանը

«Տեխնոլոգիաների և թվային միջոցների զարգացումն ունի չափազանց կարևոր նշանակություն մերօրյա ավտորիտարիզմի համար»,- ընգդծում է Սառա Մարգոն:

Բանախոսները մեծ կարևորություն են տալիս սոցցանցերին, որոնք հնարավորություն են ընձեռում հասարակության ակտիվ շերտերին արագ տարածել տեղեկությունն ու արձագանքել տարբեր զարգացումներին: Միևնույն ժամանակ ավտորիտար վարչակարգերը ևս լայնորեն օգտվում են սոցցանցերի հնարավորություններից ՝ դրանց միջոցով հեշտությամբ տարածելով կեղծ տեղեկություններ ու քարոզչական նյութեր:

National Endowment for Democracy հաստատության փոխնախագահ, միջոցառման բանախոս Քրիսթոֆեր Ուոքերի կարծիքով էլ ավտորիտար դրսևորումների հակազդման հիմնական միջոցը ժողովրդավարական ինստիտուտների հետագա զարգացումն է, ինչպես զարգացող, այնպես էլ՝ զարգացած երկրներում: Ըստ նրա, անհրաժեշտ է վերաիմաստավորել ժողովրդավարության դերն ու նշանակությունը:

«Որքան ուժեղ լինի ժողովրդավարական մամուլը, որքան կայուն և միավորված լինի մեր քաղաքական համակարգը, այնքան ավելի պատրաստ կլինենք հակազդելու ավտորիտար մարտահրավերներին»,- ասում է Ուոքերը:

Բանախոսները գտնում են, որ այսօր Միացյալ Նահանգները որոշակիորեն հետ է քաշվել ժողովրդավարության առաջամարտիկի իր ավանդական դերից, որը ստեղծել է խնդիրներ այս ոլորտի առաջամարտիկի դերի բացակայության առումով:

Facebook Forum

XS
SM
MD
LG