Մատչելի հղումներ

Թուրքիան հայտարարել է, որ ամբողջապես իր վերահսկողության տակ է առել Սիրիայի հյուսիսում գտնվող Աֆրինը: Նախագահ Էրդողանը հայտարարել է, որ հաջորդ թիրախն է Թալ Ռիֆաաթ քաղաքը:

Թուրքիան հայտարարել է, որ ամբողջապես իր վերահսկողության տակ է առել Սիրիայի Աֆրինի շրջանը: Ըստ թուրքական Կարմիր մահիկ կազմակերպության, այժմ այնտեղ իրականացնում են մարդասիրական գործողություններ։ Նպատակը, ըստ նույն աղբյուրի, Աֆրինում խաղաղ կյանքը վերականգնելն է։

Իր հերթին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է քրդերի դեմ գործողությունների շարունակման մասին: Նա տեղեկացրել է, որ հաջորդ թիրախն է Թալ Ռիֆաթ քաղաքը:

Նախկինում թուրքական կողմը մի քանի անգամ նշել էր, որ նախատեսում է գործողություններ սիրիական Մանբիջ քաղաքի ուղղությամբ, ուր տեղակայված են ամերիկյան զորքերը, որոնք տեղի ազգաբնակչությանը հավաստիացրել են, որ քաղաքը չի ռմբակոծվի:

«Ուրախ ենք, որ ռազմաօդանավերը չեն ռմբակոծում այս տարածքը, սակայն միևնույն է, մեզ անվտանգ չենք զգում»,- ասում է տեղի բնակիչներից Ալի ալ Սաթաֆը:

Թուրքիան ցանկանում է հեռացնել քրդական զորամիավորումները Իրաքի ու Սիրիայի բոլոր այն տարածքներից, որոնք գտնվում են քրդական վերահսկողության ներքո: Իրաքում քրդական ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատների խոսնակը հայտարարել է, որ չեն պատրաստվում լքել հյուսիսային Սինջար քաղաքը:

«Թուրքիայի կառավարությունը բազմիցս սպառնացել է ներխուժել Սինջար, անգամ ակնարկել է, որ Իրաքի կառավարությունը կաջակցի իրենց: Իրաքի կառավարության խոսնակը մեզ ասել է, որ Թուրքիայի հետ չկա նման համաձայնագիր: Մենք մնում ենք այստեղ: Մենք Իրաքի օրինական զորամիավորում ենք»,- ասում է քրդական զորամիավորումների խոսնակ Մարվանը:

Թուրքիայի գործողություններն Աֆրինում բողոքի լայն ալիք բարձացրեցին եվրոպական մի շարք քաղաքներում:

«Թուրքիան օկուպացնում է Աֆրինը և փորձում ոչնչացնել տեղի բնակչությանը: Այն ոչնչացնում է այնտեղ ու հատկապես Աֆրինում ձևավորվող ժողովրդավարական, ինքնակառավարվող, աշխարհիկ նոր համակարգը»,- նշում է Քուրդ կանանց միջազգային շարժման ներկայացուցիչ Նուրսել Քիլիչը:

ՄԱԿ-ի տվյալներով մոտ 170 հազար մարդ լքել է Աֆրինը Թուրքիայի գործողությունների ընթացքում: Նրանցից շատերը տեղափոխվել են Թալ Ռիֆաաթ, որը թուրքական կողմը հայտարարել է հաջորդ թիրախ:

Facebook Forum

XS
SM
MD
LG