Այսօր, երբ շարունակվում են ԱՄՆ-ի նախագահի եւ Հյուսիսային Կորեայի առաջնորդի միջեւ բանակցությունների նախապատրաստական աշխատանքները, շարունակվում են նաեւ Հյուսիսի նկատմամբ տնտեսական ճնշումները: Ճնշումներ, որոնցից հրաժարվելն առայժմ դյուրին չէ, երբ ՄԱԿ-ի տվյալներով, Հյուսիսը Սիրիա է առաքում քիմիական զենքերի համար նախատեսված մատակարարումներ:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի եւ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Ջոնգ Ընի միջեւ հնարավոր բանակցությունների հարցը այսօր Վաշինգտոնում բուռն քննարկումների առարկա է դարձել: Ոմանք, ինչպես հանրապետական կոնգրեսական Թեդ Յոհոն է ասում, ‘’Եթե ամեն ինչ շատ ճիշտ ընթանա, ականատես կլինենք ապամիջուկայնացման: Լարված իրադրությունը կմեղմվի, կդադարեն միմյանց նկատմամբ սպառնալիքները’’:
Սակայն նման լավատեսությունը չէ, որ կարող է մեղմել միջազգային ճնշումներն ընդդեմ Հյուսիսային Կորեայի:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը չորեքշաբթի օրը միաձայն կերպով կողմ է քվեարկել Հյուսիսի դեմ իրականացվող պատժամիջոցները վերահսկող հանձնաժողովի գործունեությունը երկարաձգելու առաջարկի օգտին: Հանձնաժողովը պնդում է, որ Փհենյանը պարբերաբար փորձել է շրջանցել պատժամիջոցները` Սիրիա առաքելով անօրինական բեռներ, որոնք կարելի է կիրառել քիմիական զենքերի արտադրության համար:
Հիշեցնենք, որ Սիրիայի կառավարությանն էլ մեղադրում են նման զենքեր կիրառելու մեջ: Օրինակներից մեկն այս տարվա սկզբին արեւելյան Ղութայում քլորին գազ կիրառելու մասին հաղորդագրություններն էին:
Հյուսիսային Կորեան հերքում է մեղադրանքները: ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների ենթահանձնաժողովի անդամ Թեդ Յոհոն, հերքելով Հյուսիսի հերքումները, ասում է, թե կասկածներ կան, որ նրանք ունեն մոտ
5 հազար տոննա քիմիական զենք: ‘’Ուզում ենք հավատալ, որ զենքերը, որոնք Կիմ Ջոնգ Ընն առաքում է Սիրիա, չեն կիրառվի մարդկանց դեմ: Այլապես դրան վերջ տալու համար կմտածի ոչ միայն Միացյալ Նահանգները, այլ ամբողջ աշխարհը’’:
Կոնգրեսականը հորդորում է Թրամփին շարունակել պատժամիջոցներն ընդդեմ Հյուսիսային Կորեայի նույնիսկ այսօր, երբ ընթանում են բանակացությունների նախապատրաստական աշխատանքները: