Մատչելի հղումներ

Թրամփը շնորհավորել է Պուտինին


Նախագահների միջև հանդիպում 2017 թվականի G-20 երկրների գագաթաժողովին

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը զանգահարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ վերջինիս նախագահ վերընտրվելու կապակցությամբ շնորհավորելու համար: Միևնույն ժամանակ Սենատի համապատասխան հանձնաժողովը հայտարարել է, որ հետաքննության արդյունքները ցույց են տալիս, որ Ռուսաստանը միջամտել է ընտրություններին:

Սաուդյան Արաբիայի պատվիրակության հետ հանդիպման ընթացքում նախագահ Դոնալդ Թրամփն անդրադարձել է Ռուսաստանի նախագահի հետ իր հեռախոսազրույցին՝ այն որակելով «չափազանց լավ»:

«Մենք շատ լավ հեռախոսազրույց ենք ունեցել և կարծում եմ՝ մոտ ապագայում կհանդիպենք՝ քննարկելու զենքերի մրցավազքը, որը վերահսկողությունից դուրս է գալիս: Սակայն մենք երբեք թույլ չենք տա, որ որևէ մեկը զենքերի առումով անգամ մոտ գա այն զինատեսակներին, որոնք մենք ունենք: Կքննարկենք նաև Սիրիայի, Ուկրաինայի ու Հյուսիսային Կորեայի հիմնախնդիրները»,- հայտարարել է Թրամփը:

Միևնույն ժամանակ Սենատի հետախուզության հարցերով հանձնաժողովը նշել է, որ հետաքննության արդյունքները ցույց են տալիս, որ որևէ կասկած չկա ԱՄՆ-ի ընտրություններին Ռուսաստանի ներգրավվածության մասին:

«Ռուսաստանը գործողություններ է իրականացրել 21 նահանգներում, և մենք գիտենք, որ առնվազն մեկ ընտրական ցուցակի ուղղությամբ նրանք կարողացել են հաջողության հասնել»,- ասում է սենատոր Ռիչարդ Բուրը:

Հանձնաժողովի անդամները նշել են նաև, որ չեն հայտնաբերել ապացույց, որ որևէ ընտրողի ձայն փոխվել է, սակայն հետաքննությունը ցույց է տալիս, որ նահանգների մեծ մասում ընտրելու համակարգերը հնացած են:

«Շուրջ 40 նահանգներում ընտրության հետ կապված սարքավորումները կիրառվում են արդեն ավելի քան տասը տարի եւ ունեն հնացած ծրագրեր, որոնք անհնար է թարմացնել»,- հայտարարել է սենատոր Մարկ Ուորները:

Երկու կուսակցության անդամներից բաղկացած հանձնաժողովը կոչ է արել իրականացնել համակարգերի ու անվտանգության միջոցների արդիականացում՝ հետագայում ամերիկյան ընտրություններին հնարավոր միջամտությունը կանխելու համար: Բացի այդ, նրանք ցանկություն են հայտնել, որ նահանգային ընտրական հանձնաժողովներն էլեկտրոնային քվեարկության հետ մեկտեղ ունենան գրանցած արդյունքներ թղթի վրա:

«Մենք կասկած չունենք, որ Ռուսաստանն ու այլ օտարերկրյա երկրներ ու հակառակորդներ կշարունակեն թիրախավորել մեր ընտրությունները և կփորձեն խարխլել մեր ժողովրդավարությունը»,- հայտարարել է սենատոր Մարտին Հեյնրիչը:

Սպիտակ տունը սակայն հայտարարել է, որ նախագահ Թրամփի հեռախոսազրույցը նախագահ Պուտինի հետ չի նշանակում, որ ամերիկյան կողմը կմեղմացնի իր դիրքորոշումը Ռուսաստանի ոտնձգությունների հանդեպ: Սպիտակ տան մամլո խոսնակի խոսքով վարչակազմի կողմից սահմանված պատժամիջոցներն ու մյուս գործողությունները ցույց են տալիս ԱՄՆ-ի դիրքորոշումը:

Սպիտակ տունը տեղեկացրել է նաև, որ նախագահը համուզված է, որ Ռուսաստանի հետ անհրաժեշտ է ունենալ երկխոսություն գլոբալ մի շարք հարցերի շուրջ:

Facebook Forum

XS
SM
MD
LG