Մերիլանդ նահանգի ավագ դպրոցներից մեկում երեքշաբթի օրը ուսանողներից մեկը կրակ է բացել իր երկու դասընկերների ուղղությամբ: Արձակած փամփուշտներից վերջիններս վիրավորվել են, իսկ հրաձիգը, փոխհրաձգության բռնվելով դպրոցի անվտանգության աշխատակցի հետ, սպանվել է:
Ըստ պաշտոնական աղբյուրների՝ 17 ամյա հրաձիգ Օսթին Ռոլինսի ու տուժածներից մեկի՝ Օսթինի 16 ամյա դասընկերուհու միջև եղել են մտերիմ հարաբերություններ: Դեռևս պարզ չեն հանցագործության շարժառիթները:
Ուսանողներից Էշլի Անդերսոնն «Ամերիկայի Ձայն»-ին ասել է, որ չնայած ինքը տեղյակ էր սոցցանցերից հրաձգության սպառնալիքների մասին, սակայն միևնույն է պատրաստ չէր նման իրավիճակի:
Ծնողներն էլ հորդորում են օրենսդիրներին միջոցներ ձեռնարկել երեխաների անվտանգությունն ապահովելու համար:
«Որպես մայր, ով դպրոց է ուղարկում երեխային, շատ մտահոգված եմ, որ երեխաների անվտանգությունը կարող է սպառնալիքի տակ հայտնվել»,- ասում է ծնողներից մեկը:
ԱՄՆ-ի դպրոցներում հրազենի միջոցով զանգվածային սպանությունները դարձել են համազգային խնդիր, հատկապես փետրվարի 14-ի Փարքլանդ քաղաքի դպրոցում տեղի ունեցած զանգվածային սպանությունից հետո:
Այն բողոքի լայն ալիք բարձրացրեց ԱՄՆ-ի ուսանուղության շրջանում և կրկին բարձրացրեց զենքի ազատ շրջանառության խնդիրը:
Այս օրերին նախատեսվում է ուսանողների զանգվածային բողոքի ակցիա մայրաքաղաք Վաշինգտոնում, որը հայտնի է «Կյանքի համար քայլարշավ» անունով: Բողոքարարները պահանջում են ավելի խստացնել զենքի վաճառքն ու ապահովել դպրոցների անվտանգությունը:
Facebook Forum