Չնայած ռուս-ամերիկյան լարված հարաբերություններին, կողմերը շարունակում են համագործակցել տիեզերագնացության ոլորտում: Ըստ ոլորտի փորձագետ Էմի Շիրա Թեյթալի, այս ոլորտում ամերիկյան կողմի ամենակայուն գործընկերը Ռուսաստանն է: Նույն կարծիքին է մեկ այլ փորձագետ Քեթլին Լուիսը:
«Ռուսները միջազգային տիեզերագնացության ոլորտում գործընկերներ են: Նրանք կանոնավոր ապահովում են տիեզերակայանների մատակարարումը: Նրանց «Սոյուզ» տեսակի տիեզերանավերը շարունակում է անխափան գործել վերջին 50 տարիների ընթացքում»,- նշում է Քեթլին Լուիսը:
Սառը պատերազմի տարիներին ռուս-ամերիկյան համագործակցության հետ մեկտեղ երկու կողմերը ներգրավվել էին մրցավազքում՝ փորձելով տիեզերքում ձեռք բերված առավելությունը օգտագործել ռազմական և քարոզչական նպատակներով: Այդ ընթացքում գրանցվեցին նաև դժբախտ պատահարներ:
«Ակնհայտ դարձավ, որ տիեզերքի ուսումնասիրությունը վտանգավոր և դժվար գործ է: Մարդիկ զոհվում էին և ոչ միայն առաքելությունների ընթացքում, այլ նաև պատրաստման փուլում »,- ասում է Թեյթալը:
1975 թվականին ամերիկյան Ապոլոն և ռուսական Սոյուզ տիեզերանավերը հանդիպեցին տիեզերքում: Տիեզերագնացները սեղմեցին միմյանց ձեռքերը: Ողջույների այս փոխանակումն ընդգծում էր քաղաքական և գիտական կարևոր ձեռքբերման փաստը:
«Դա հույս ներշնչեց, որ կողմերը կարող են համագործակցել, անկախ քաղաքական զարգացումներից ու անգամ սառը պատերազմի թեժ տարիներին»,- ասում է Լուիսը:
Այսօր Ռուսաստանը, ԱՄՆ-ը ու այլ 13 երկրներ համագործակցում են միջազգային տիեզերագնացության ոլորտում: Ամերիկյան Space X և Boeing ընկերությունները աշխատում են ամերիկյան այդ ոլորտի զարգացման ուղղությամբ՝ փորձելով ամբողջապես ապահովել ամերիկյան տիեզերանավերի անխափան թռիչքները տիեզերք:
Facebook Forum