Ռուսաստանի հարցով հետաքննության շուրջ Վաշինգտոնում շարունակվում է լարվածությունը։ Կոնգրեսականները հորդորում են նախագահ Թրամփին որեւէ կերպ չփորձել պաշտոնանկ անել հատուկ հետաքննիչ Մյուլլերին՝ նախազգուշացնելով, որ հակառակ դեպքում իրավիճակն ավելի կսրվի։
Թրամփն անցած կիրակի օրը նորից դիմեց Թվիթերին՝ մեղադրելով Ռուսաստանի հարցով զբաղվող հետաքննչական խմբին քաղաքական կողմնակալության մեջ։ ՝՝Ինչու՞ է Մյուլլերի թիմը բաղկացած 13 կարծր դեմոկրատներից, կեղծավոր Հիլարիի աջակիցներից ու ոչ մի հանրապետականից։ Իսկ սա այն դեպքում, երբ գաղտնի հանդիպում չի էլ եղել՛՛, գրել է Թրամփը։
Դրանից մեկ օր առաջ նախագահը գրել էր, թե Մյուլլերի հետաքննությունը նույնիսկ չպիտի էլ սկսվեր։ Իսկ նրա անձնական փաստաբանը նույնիսկ հորդորել է դադարեցնել հետաքննության ընթացքը։
Դա դեմոկրատ կոնգրեսական Ադամ Շիֆի խոսքերով, անկասկած կտաներ դեպի սահմանադրական ճգնաժամ։ ՝՝Կարծում եմ, որ հենց հիմա դեմոկրատներն ու հանրապետականները պիտի բարձր խոսեն այս մասին՛՛, ասել է Շիֆը։
Մյուլլերին իրականում աշխատանքից հանելու լիազորություն ունի գլխավոր դատախազի տեղակալ Ռոդ Ռոզենսշտայնը։ Ու հնարավոր է, որ նա դա անի նախագահի խնդրանքով։
Բայց հիմա միայն դեմոկրատները չէ, որ նախազգուշացնում են դրա վատ հետեւանքների մասին։ Հանրապետական սենատորներից Լիդզի Գրեհեմի խոսքերով օրինակ, նման քայլը ՝՝կսկսի նախագահության ավարտի սկիզբը՛՛։
Թրամփը բազմիցս է բառային հարձակումների դիմել ընդդեմ արդարադատության նախարարության պաշտոնատար անձանց։ Ու, երբ գլխավոր դատախազ Ջեֆ Սեշընզը պաշտոնից ազատեց Հետաքննությունների դաշնային բյուրոյի նախկին փոխտնօրեն Էնդրու Մաքքաբիին, որն արդեն մի քանի շաբաթ այլ բարձր պաշտոն էր զբաղեցնում բյուրոյում, նախագահը Թվիթերում գրեց. ՝՝Բյուրոյի ամենաբարձր օղակներում եղել է հսկայական արտահոսք, կեղծարարություն ու կոռուպցիա՛՛:
Մաքքաբին հերքում է այն մեղադրանքները, որոնց համաձայն ինքը մամուլի միջոցներին է հայտնել ընթացող հետաքննության մասին մանրամասներ։ Նրա խոսքերով, ինքը պահել է նախագահ Թրամփի ու Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրենի պաշտոնից հեռացված Ջեյմս Քոմմիի հետ հաղորդակցման բոլոր գրառումները։
Մամուլի մի շարք միջոցներ հաղորդում են, որ Մյուլլերի թիմը ներկայումս փնտրում է Ռուսաստանի հետ Թրամփի նախկին բիզնես գործարքների մասին փաստաթղթեր։ Հիմա Մյուլլերը հետաքննում է նաեւ Քոմիին պաշտոնից հեռացնելու Թրամփի գործողությունները։