Թուրքական բանակն ու Սիրիայի ընդդիմադիր զինյալները կիրակի օրը գրավեցին Աֆրին քաղաքի կենտրոնական շրջանները՝ չհանդիպելով լուրջ դիմադրության: Քաղաքում ծածանվեցին թուրքական դրոշներ: Քրդական ուժերը նահանջել են այս տարածքներից:
«Ահաբեկիչների մեծ մասը փախել է: Մեր հատուկ զորամիավորումներն ու Ազատ սիրիական բանակը վերջնականապես մաքրում են քաղաքը այն բոլոր ծուղակներից, որ թողել են նրանք»,- հայտարարել է նախագահ Ռեջեփ Էրդողանը:
Թուրքիան պնդում է, որ տեղի քրդական Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատները կապ ունեն ահաբեկչական խմբավորման որակում ունեցող Քրդական աշխատավորական կուսակցության հետ: Թուրքիայի հովանավորության տակ գտնվող սիրիական ընդդիմադիր ուժերը խոստանում են Աֆրինից հետո շարունակել պայքարը քրդերի դեմ Սիրիայում:
«Եթե Աստված կամենա, մենք կշարժվենք դեպի Մանբիջ և Մանբիջից հետո՝ դեպի Ալ Հասակա: Մենք կհետապնդենք քրդերին, լինեն նրանք Ժողովրդական ինքնապաշտպանության, թե աշխատավորական կուսակցության անդամներ»,- ասել է ընդդիմադիր զինյալներից մեկը, ով չցանկացավ ներկայանալ:
Վերջին շրջանում շուրջ 250 հազար մարդ է լքել Աֆրինը: Արտահոսքը շարունակվեց նաև կիրակի օրը: Մարդիկ հեռանում են դեպի Ասադի կառավարության կամ քրդական զորամիավորումների վերահսկողության տակ գտնվող տարածքներ:
Թուրքիայում քրդամետ քաղաքական ուժերն ու ակտիվիստները Թուրքիայի գործողությունները որակում են որպես էթնիկ զտումներ քրդերի դեմ և կոչ անում միջազգային հանրությանը դատապարտել դրանք: Նրանք Թուրքիային մեղադրում են խաղաղ ազգաբնակչության սպանությունների մեջ, սակայն թուրքական կողմը հերքում է մեղադրանքները:
Միևնույն ժամանակ Թուրքիայի հետ սահմանակից քրդաբնակ սիրիական շրջաններում անցնում են բողոքի ցույցեր ընդդեմ Աֆրինի զարգացումների:
«Եթե անգամ Թուրքիան մնա Աֆրինում 1000 տարի, մենք միևնույն է դուրս կշպրտենք նրանց և հետ կվերցնենք մեր հողերը, քանի որ դա իրենց չի պատկանում»,- նշում է քուրդ ցուցարար Էյսա Քարթմինին:
Իր հերթին թուրքական կողմը հայտարարում է, որի չի պատրաստվում ընդմիշտ մնալ Աֆրինում:
«Մենք ընդմիշտ չենք մնալու այստեղ և իհարկե զավթիչներ չենք: Մեր գործողության նպատակը շրջանն ահաբեկիչներից մաքրելն է, խաղաղության, կայունության և փոխվստահության վերականգնումն ու շրջանի վերադարձն իրական տերերին այն ահաբեկիչներից մաքրելուց հետո»,- հայտարարել է Թուրքիայի փոխվարչապետ Բեկիր Բոզդակ:
Հիշեցնենք, որ Դաեշ-ի դեմ պայքարի ընթացքում ԱՄՆ-ի աջակցությունը քրդական զորամիավորումներին սրել է հարաբերությունները Վաշինգտոնի և Անկարայի միջև:
Facebook Forum