Մատչելի հղումներ

Ղրիմը Պուտինի նախընտրական քարոզարշավի հիմքում է


Ռուսաստանում նախագահական ընտրություններից առաջ ցուցադրվեց «Պուտին» վավեգրական տեսաֆիլմը, ուր նախագահ Պուտինը խոսում է իր ձեռքբերումների մասին, որոնց շարքում է նաև Ղրիմի բռնակցումը:

Օրերս ցուցադրված «Պուտին» վավերագրական 4 ժամանոց տեսաֆիլմում, ուր նախագահ Վլադիմիր Պուտինը խոսում է իր նախագահության օրոք գրանցած ձեռքբերումների մասին, անդրադարձ կա նաև Ղրիմի հիմնախնդրին: Դրա բռնակցումը կամ, ինչպես նշում է նախագահը, վերամիավորումը Ռուսաստանի հետ, վերջինս ներկայացնում է որպես իր նախագահության գլխավոր ձեռքբերումներից մեկը:

Պատասխանելով իր նախագահական քարոզարշավի մամլո խոսնակ Անդրեյ Կոնդրաշովի հարցին Ղրիմի հնարավոր վերադարձի վերաբերյալ՝ Պուտինը բացառում է որևէ հանգամանք, որի դեպքում Ռուսասատնը կհրաժարվի թերակղզուց:

2017 թվականի վերջին նախագահ Պուտինը, խոսելով Ղրիմի հիմնախնդրի մասին, ընդգծել է, որ Խորհրդային Միության 1954 թվականի որոշումը Ղրիմը Ուկրաինային հանձնելու մասին անօրինական էր: Սակայն ավելի վաղ՝ 2008 թվականին գերմանական ARD հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Պուտինը հերքել էր Ղրիմի նկատմամբ Ռուսաստանի որևէ նկրտում՝ ընդգծելով, որ այն չի հանդիսանում վիճելի տարածք:

Այսօր Ղրիմը դարձել է Վլադիմիր Պուտինի նախընտրական քարոզարշավի հիմնական թեմաներից մեկը: Մարտի 14-ին նախագահն այցելեց թերակղզի, ուր ծանոթացավ Ղրիմի թերակղզին Ռուսաստանի հետ կապող կամրջի կառուցման աշխատանքներին: Այստեղ նա նաև մասնակցեց Ղրիմի բռնակցման, կամ ինչպես նշում է ռուսական կողմը, վերամիավորման 4-ամյակին նվիրված տոնակատարությանը:

Միջոցառումն անցկացվում էր կառավարության մասնակի ֆինանսավորմամբ «Ղրիմյան գարուն» ծրագրի ներքո, որը ընտրություններից երկու ամիս առաջ իրականացվում է Ռուսաստանի տարբեր քաղաքներում և ներառում համերգներ և տոնակատարություններ: Իշխանությունները հերքում են «Ղրիմյան գարուն» ծրագրի կապը ընտրությունների հետ և ընդգծում, որ այն որևէ կապ չունի նախագահ Պուտինի նախընտրական քարոզարշավի հետ:

Հիշեցնենք, որ նախագահական ընտրությունները Ռուսասատնում նախատեսված են մարտի 18-ին:

Facebook Forum

XS
SM
MD
LG