Սիրիայում մարդու իրավունքների հարցերով զբաղվող խումբը տեղեկացնում է, որ բազմաթիվ խաղաղ բնակիչներ լքում են Արևելյան Ղութայի շրջանի իրենց տները՝ հեռանալով ռազմական գործողությունների շրջաններից: Ըստ աղբյուրի, ավելի քան 12 հազար մարդ վերջին շրջանում ընդդիմադիր զինյալների վերահսկողության տակ գտնվող տարածքներից տեղափոխվել է կառավարության ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքներ:
«Սիրիական բանակը եկավ և ազատագրեց մարդկանց»,- ասում է Համուրիե քաղաքի բնակիչներից մեկը:
Սիրիայով զբաղվող խմբի վկայությամբ վերջին շրջանում հազարավոր մարդիկ լքել են Համուրիե քաղաքը: Սա, ըստ խմբի ղեկավար Ռամի Աբդուլրահմանի, սիրիական զորքերի ձեռնարկած գործողություններից ի վեր ամենամեծ թվով մարդկանց արտահոսքն է Դամասկոսի շուրջ ընկած տարածքներից:
Սիրիական զորքերը խաղաղ ազգաբնակչությանը տրամադրել են մարդասիրական միջանցք, որով մարդիկ ավտոմեքենաներով կամ այլ փոխադրամիջոցներով լքում են զինյալների վերահսկողության գոտին: Վիրավորներն ու հիվանդներն այստեղից տեղափոխվել են ավելի վաղ:
Ռուսաստանն ու Սիրիան մեղադրել են ընդդիմադիր զինյալներին մարդկանց որպես կենդանի վահան օգտագործելու մեջ: Ընդդիմադիր զինյալների ուժերը հերքում են մեղադրանքը, սակայն Համուրիեի բնակիչներից ոմանք հաստատում են մեղադրանքները:
«Մենք կալանավորված վիճակում էինք: Զինյալները չէին թույլ տալիս մեզ տեղափոխվել կառավարության վերահսկողության տակ գտնվող տարածքներ: Երեք օր բանակցում էինք նրանց հետ»,- ասում է Համուրիեի բնակիչներից մեկը, ով չի ներկայացել:
«Մենք ցանկանում էինք հեռանալ երեք ամիս առաջ, սակայն նրանք մեզ թույլ չէին տալիս: Նրանք մեզ սովի էին մատնում»,- ասում է մեկ այլ բնակիչ:
Մարդկանց արտահոսքը շարունակվում է նաև շրջանի այլ քաղաքներից, ներառյալ Քաֆր Բաթնանից, Ջիսրինից ու Սաքբանից: Մարդիկ տեղափոխվում են ավելի անվտանգ վայրեր, որոնք Ասադի ուժերի վերահսկողության ներքո են:
Facebook Forum