Մատչելի հղումներ

Զենքի ազատության դեմ քայլերթ ԱՄՆ-ում ու աշխարհում


ԱՄՆ-ում և ամբողջ աշխարհում մեկնարկել է զենքի ազատության դեմ քայլերթ: Երիտասարդությունը բողոքում է այս հարցում  ԱՄՆ-ի Կոնգրեսի անգործության դեմ

Տասնյակ հազարավոր աշակերտներ և ուսուցիչներ Միացյալ Նահագներում միանում են քայլարշավին ընդդեմ, ինչպես նրանք նշում են, զենքի կիրառմամբ բռնությունները կանխելու հարցում ԱՄՆ-ի Կոնգրեսի անգործության։

Բողոքի երթը նվիրված է Ֆլորիդայի Փարքլենդ քաղաքի Մերջորի Սթոնմեն Դուգլաս բարձրագույն դպրոցում զանգվածային սպանդի զոհերի հիշատակին: 17 րոպեանոց երթի յուրաքանչյուր րոպեն նվիրված է մեկ զոհի հիշատակին: Շուրջ 3000 բողոքի երթեր են նախատեսվում ԱՄՆ-ում ու աշխարհի տարբեր երկրներում:

Բազմաթիվ երիտասարդական կազմակերպություններ միացել են քայլերթին: Հայտնի է, որ դպրոցների աշակերտները կարող են որոշակի կարգապահական տույժերի ենթարկվել, եթե նրանց դպրոցները համաձայնություն չեն տվել քայլերթերի մասնակցության համար: Սակայն ուսումնական հաստատություններից շատերը արձագանքել են, որ համաձայն են 17 րոպեանոց քայլերթին իրենց ուսանողների մասնակցությանը:

Մարտի 24-ին Վաշինգտոնում նախատեսված է անցկացնել «Քայլերթ հանուն մեր կյանքի» կոչվող քայլարշավ, որին սպասվում է հարյուր հազարավոր բողոքավոր ցուցարարների մասնակցություն: Մեկ այլ քայլարշավ էլ նախատեսված է ապրիլի 20-ին՝ նվիրված Քոլորադո նահանգի Քոլումբիայի բարձրագույն դպրոցում տեղի ունեցած զանգվածային սպանդի 19-րդ տարելիցին:

Հիշեցնենք, որ անցած ամիս Մերջորի Սթոնմեն Դուգլաս դպրոցում տեղի ունեցած զանգվածային սպանդը բողոքի լայն ալիք բարձրացրեց Միացյալ Նահանգներում զենքի ազատ վաճառքի կապակցությամբ, հատկապես ավտոմատացված զինատեսակների: Ուսանողներից մեկը՝ Էմմա Գոնզալեսը դարձավ շարժման դեմքերից մեկը: Շարժումը քննադատության ենթարկեց ԱՄՆ-ի հրազենի ազգային ընկերակցությանը զենքի ազատության սահմանափակմանն ընդդիմանալու համար, ինչպես նաև այն քաղաքական գործիչներին, ովքեր ֆինանսական դրամաշնորհներ են ստանում այս հզոր միությունից:

Շարժումը որոշ հաջողություններ է գրանցել նահանգային մակարդակներում: Օրինակ անցած շաբաթ Ֆլորիդան կոշտացրեց զենքի վերահսկողության վերաբերյալ նահանգային օրենսդրությունը՝ բարձրացնելով զենքի ձեռք բերման տարիքը 18-ից մինչև 21 տարեկան: Դրա հետ մեկտեղ շրջանառության մեջ է մեկ այլ առաջարկ ուսուցիչներին զինելու վերաբերյալ, որը ստացել է նախագահ Թրամփի աջակցությունը: Այս նախաձեռնությանը, սակայն, դեմ են աշակերտները, ուսանողներն ու ուսուցիչները:

Facebook Forum

XS
SM
MD
LG