Մատչելի հղումներ

Ռուսաստանում անցնում են հակապուտինյան բողոքի ցույցեր


Ռուսաստանում շարունակվում է նախընտրական քարոզարշավը, սակայն հասարակության մի զանգված, հատկապես Ալեքսեյ Նավալնու կողմնակիցները, գտնում են, որ ընտրություններն արհեստական են: Նրանք կոչ են անում բոյկոտել դրանք:

Ռուսաստանի հասարակության ընդդիմադիր տրամադրված հատվածը նախապատրաստվում է գալիք նախագահական ընտրություններին: Կազմակերպվում են տաբեր միջոցառումներ և դասընթացներ, ուր ընտրությունների դիտորդներին նախապատրաստում են իրականացնելու դիտորդական առաքելություն: Այս առումով հատկապես ակտիվ են Ալեքսեյ Նավալնու կողմնակիցները:

Հիշեցնենք, որ Նավալնուն Կենտրոնական ընտրական հանձնաժողովը թույլ չի տվել մասնակցել ընտրություններին նրա նկատմամբ հարուցված քրեական գործերի պատճառով: Նավալնին իր նկատմամբ հարուցած գործերը համարում է շինծու, իսկ գրանցման մերժումը ՝ անօրինական:

Նրա կողմնակիցների շարքում կան բազմաթիվ երիտասարդներ: Չնայած քվեաթերթիկի վրա Նավալնու անունի բացակայությանը՝ նրանք ներգրավված են դիտորդական առաքելություն իրականացնելու համար: Ալեքսեյ Նավալնին կոչ է անում իր կողմնակիցներին բոյկոտել ընտրությունները:

«Իմաստ չեմ տեսնում ընդհանրապես չգնալ ընտրություններին, քանի որ այդ դեպքում մասնակիցների բարձր թիվ կգրանցվի ու կհայտարարվի Պուտինի հաղթանակի մասին: Ես չեմ քվեարկի, այլ ուղակի իմ քվեաթերթիկը ինձ հետ կվերցնեմ»,- ասում է Նավալնու կողմնակից Ռոման Շինգարկինը:

Նա հավելում է, որ եթե Պուտինը հեռանար իր երկրորդ ժամկետից հետո, ապա երկիրը նրան կհիշեր որպես պետությունը վերականգնած գործչի, սակայն այժմ թե՛ ինքը և թե՛ իր իշխանությունը դեգրադացվում են, կարծում է երիտասարդ ակտիվիստը: Նա վստահ է, որ այս միջոցով Ռուսաստանը վերածվում է բռնապետության:

Իսկ այս օրերին Ռուսաստանի տարբեր հատվածներում անցնում են հակաիշխանական հանրահավաքներ, ուր մարդիկ բողոքում են ընդդեմ Պուտինի առաջադրմանն ու գործող վարչակազմի: Որոշ վայրերում ոստիկանությունն իրականացրել է բողոքարարների ձերբակալություններ:

Չնայած շարունակվող նախընտրական քարոզարշավի՝ գործող նախագահ Պուտինի առավելությունն ակնհայտ է: Նրա հակառակորդները կարծում են, որ այս ընտրությունները արհեստական են, իսկ առաջադրված թեկնածուները՝ դրածո։

Facebook Forum

XS
SM
MD
LG