Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնից ազատել է պետքարտուղար Ռեքս Թիլերսոնին։ Պետքարտուղարի պաշտոնին է նշանակվել Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Մայք Փոմփեոն։

Շնորհակալություն հայտնելով Թիլերսոնին իր մատուցած ծառայությունների համար՝ Թրամփն ասել է, թե նոր պետքարտուղարը կիրականացնի ՝՝աներեւակայելի աշխատանք՛՛։

՝՝ԷքսոնՄոբիլ՛՛-ի նախկին գործադիր տնօրեն Թիլերսոնն ԱՄՆ-ի արտաքին գերատեսչության ղեկավարի պաշտոնին էր նշանակվել մեկ տարի առաջ։

Թրամփի մեկ այլ հրամանագրի համաձայն, Ջինա Հասփելը նշանակվել է Կենտրոնական հետախուզական վարչության առաջին կին տնօրենի պաշտոնին։

Սպիտակ տան մի պաշտոնյա ասել է, թե նախագահն ուզում է պատրաստ վիճակում տեսնել իր նոր թիմը՝ Հյուսիսային Կորեայի հետ բանակցություններից ու միջազգային մի շարք հարցերի լուծում տալուց առաջ։

Թիլերսոնն անցյալ շաբաթ պաշտոնական այցով Աֆրիկայում էր գտնվում, երբ պարզ դարձավ, որ նա տեղյակ չէր Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Ջոնգ Ընի հետ բանակցություններ սկսելու Դոնալդ Թրամփի հայտարարության մասին։

Շաբաթ օրը Թիլերսոնի օգնականները տեղեկացրել էին, որ նա իրեն լավ չի զգում, որից հետո Պետդեպարամենտը հայտարարել էր, թե նա մեկ օրով հետաձգում է իր այցելությունները։

Ըստ որոշ տեղեկությունների, անհամաձայություն էր սկսվել գլխավոր հրամանատարի ու նրա գլխավոր դիվանագետի միջեւ՝ կապված Հյուսիսային Կորեայից մինչեւ Իրան ձգվող միջազգային մի շարք խնդիրների հետ։

Թիլերսոնին պաշտոնից ազատելու լուրեր տարածվել էին նաեւ հոկտեմբեր ամսին, ինչը վերջինս հերքել էր, սակայն չէր հերքել Թրամփին ՝՝հիմար՛՛ անվանելու փաստը։

Թրամփն աշնանն ասել էր, թե Թիլերսոնը ՝՝անտեղի ժամանակ է վատնում՛՛ փորձելով բանակցել Հյուսիսային Կորեայի հետ։

՝՝Նյու Յորք Թայմս՛՛ օրաթերթը մեջբերել էր Թրամփի խոսքերի մասին որոշ աղբյուրներից ստացված տեղեկություններ, ըստ որոնց նախագահին դուր չեն եկել հանդիպումների ժամանակ Թիլերսոնի շարժումները։

Ըստ վերլուծաբանների, Թիլերսոնը նախագահի որոշումների հետ իր անհամաձայնությունն արտահայտել է աչքերը պտտացնելով, ինչպես նաեւ՝ անսովոր կերպով նստելով կամ կանգնելով։

Փոխպետքարտուղար Ստիվ Գոլդստայնն ասել է, թե Թիլերսոնը ծրագրում է մնալ Պետդեպարտամենտում ու ավելացրել, որ վերջինս զարմացած է պաշտոնից իրեն ազատելու փաստով։

Ինչ վերաբերում է Փոմփեոյի ու Հասփելի նշանակումներին, այդ պաշտոնները նրանք կարող են ստանձնել միայն Սենատի կողմից հաստատվելուց հետո։


Facebook Forum

XS
SM
MD
LG