Մատչելի հղումներ

Լոնդոնը շարունակում է կասկածել Կրեմլին Սկրիպալի թունավորման հարցում


Մեծ Բրիտանիան սպառնում է նոր պատժամիջոցներ կիրառել, եթե պարզվի, որ Սերգեյ Սկրիպալի առողջությանը ծանր վնաս հասցնելու հարցում ներգրավված է Ռուսասատնը: Վերջինս կտրականապես հերքում է իր առնչությունը այս հարցում:

Բրիտանական իշխանությունները հայտարարել են, որ 66-ամյա ռուս նախկին լրտես Սերգեյ Սկրիպալի և նրա 30-ամյա դստեր` Յուլիայի հետ կապված միջադեպը հետաքննվում է որպես մահափորձ:

Հիշեցնենք, որ օրերս Սերգեյ Սկրիպալը, ով Ռուսաստանի կողմից մեղադրվում է պետական դավաճանության մեջ, և նրա դուստրը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց։ Նրանց մոտ կասկածվում է թունավորում նյարդային համակարգի վրա ազդող գազից: Այս պահին բժիշկները նրանց վիճակը գնահատում են ծանր, սակայն՝ կայուն:

Լոնդոնն ուղղակի չի մեղադրել ռուսական պետական որևէ հատուկ ծառայության այս հարցում, սակայն արտգործնախարար Բորիս Ջոնսոնն օրերս Ռուսաստանին անվանել է «բացասական և խնդրահարույց ուժ» և սպառնացել նոր պատժամիջոցներ սահմանել, եթե պարզվի, որ Մոսկվան ներգրավված է այս միջադեպում:

Ռուսական կողմը կտրականապես հերքում է իր ներգրավվածությունը: The Business Insider-ն օրերս հրապարակել էր Մեծ Բրիտանիայում գրանցված մահվան 15 դեպք, ներառյալ Ալեքսանդր Լիտվինենկոյի գործը, որոնց վերաբերյալ առկա են ռուսական ներգրավվածության մասին կասկածներ:

Մեծ Բրիտանիայում Ռուսաստանի դեպանությունը պնդում է, որ Սկրիպալը հանդիսանում է բրիտանական լրտես: Հայտնի է, որ վերջինս աշխատում էր ինչպես բրիտանական, այնպես էլ ռուսական հատուկ ծառայությունների համար: Նրա նախկին գործընկերները պնդում են, որ Սկրիպալը շարունակում էր համագործակցել ռուսական ռազմական հետախուզության հետ:

Միևնույն ժամանակ Telegraph-ը տեղեկացնում է, որ թունավորում ստացած նախկին լրտեսը մոտ կապի մեջ էր գտնվում բրիտանացի նախկին լրտես Քրիսթոֆեր Սթիլի հետ, ով պատրաստել էր հայտնի «Թրամփի դոսյե» փաթեթը:

Հայտնի է նաև, որ Ռուսաստանը դեռևս 2002 թվականի Դուբրովկայի թատրոնի հակաահաբեկչական գործողության ժամանակ կիրառել է նույն տեսակի գազ, ինչից թունավորվել է Սկրիպալը: Այդ գազի կիրառման արդյունքում Դուբրովկայի թատրոնում մահացել էին այստեղ պատանդ պահվող 125 մարդ:

Արևմտյան մամուլը հիշեցնում է նաև, որ 2010 թվականին Արևմուտքի և Ռուսաստանի միջև լրտեսների փոխանակման օրերին Ռուսասատանի վարչապետի պաշտոնում գտնվող ներկայիս նախագահ Վլադիմիր Պուտինը հնչեցրել էր սպառնալիքներ Արևմուտքի համար աշխատող ռուս լրտեսների հասցեին, որոնց թվում էր նաև Սերգեյ Սկրիպալը :

XS
SM
MD
LG