Ուրբաթ օրը ՄԱԿ-ի ավտոշարասյունը մտավ Սիրիայի Ղութայի շրջան, երբ այստեղ մեծապես ոտնահարվում են հրադադարի պայմանները: Իսկ Ջինդերեսում մարտեր են ընթանում թուրքական ու քրդական ուժերի միջեւ:
Մարդասիրական օգնությամբ բեռնված ավտոմեքենաների շարասյունն ուրբաթ օրն ի վերջո մուտք գործեց Սիրիայի ապստամբ ուժերի վերահսկողության ու կառավարական ուժերի շրջապատման մեջ գտնվող Ղութայի շրջան: Սակայն ՄԱԿ-ի պաշտոնատար անձինք հաղորդում են, որ շարասյունը նորից հայտնվել է ռմբակոծության տակ:
Սիրիայի պետական հեռուստատեսությունը հաղորդում է, թե կրակն արձակվել է ապստամբների դիրքերից: Մեծ Բրիտանիայից գործող Սիրիայի մարդու իրավունքների դիտորդ կազմակերպության հաղորդման համաձայն, սակայն, գիշերային դադարից հետո կառավարական ուժերը Դոումա քաղաքում վերսկսել են օդային գրոհներն ու ռմբակոծությունները, երբ տասներեք բեռնատարներ սննդամթերք էին առաքում Ղութա:
Վերջին երկու շաբաթների ընթացքում Սիրիայի բանակը հետ է գրավել արեւելյալ Ղութայի շուրջը գտնվող գրեթե բոլոր գյուղատնտեսական տարածքները:
ՄԱԿ-ի մարդասիրական օգնության հարցերով հանձնակատար Ալի ալ Զաթարին ասել է, թե ռմբակոծությունների վերսկսումը անվտանգության երաշխիքների ոտնահարում է բոլոր` այդ թվում Ռուսասատնի կողմից:
ՄԱԿ-ի մարդու իրավունքների պաշտպանության հարցերով հանձնակատար Զեիդ Ռաադ ալ Հուսեինն էլ կոչ է արել պատասխանատվության ենթարկել արեւելյան Ղութայում հանցագործությունների հեղինակներին ու հորդորել է հիմնել վերջին դեպքերն ուսումնասիրելու պարտականությամբ հետաքննչական խմբեր:
Թուրքիայից ստացված հաղորդագրությունների համաձայն, թուրքական ուժերը Սիրիայի ապստամբ ուժերի հետ միասին գրավել են Ջինդերես քաղաքը: Թուրքական մամուլը հաղորդում է, որ ուժեղ մարտերից հետո քաղաքի կենտրոնից դուրս են մղվել քրդական Ժողովրդի պաշտպանության միավորումներ անվանումը կրող ուժերը: Այլ աղբյուրներ այս մասին չեն հաղորդում: