Մարտի 8-ը Կանանց միջազգային օրն է, երբ նշում են նրանց ձեռքբերումներն՝ անկախ ռասայից, ծագումից, լեզվից, սոցիալական կամ տնտեսական բաժանումներից։ Նշում են ու շնորհավորում կանանց ու աղջիկներին, սակայն նաեւ հիշում այն բացթողումները, որոնք վերացնելու համար հարկավոր է շարունակել պայքարը։
Me Too եւ No More, թարգմանաբար՝ Ես նույնպես եւ Այլեւս՝ ոչ սոցիալական կայքերը հատկապես Կանանց միջազգային օրը հայտնվել են ուշադրության կենտրոնում, քանի որ մաս են այս շարժման, որը պայքարում է հանուն կանանց իրավունքների ու նրանց պաշտպանության։ Նույնիսկ մեր օրերում է հարկավոր պայքարել ընդդեմ կանանց նկատմամբ կիրառվող սեռական ոտնձգությունների, ինչի մասին է ՝՝Ամերիկայի Ձայն՛՛-ին ասում ԱՄՆ-ի կոնգրեսական, էթիկայի հարցերով հանձնաժողովի նախագահ Սյուզան Բրուքսը։
Սոցիալական ցանցերով տարվող արշավը, որը սկսվել է ԱՄՆ-ից, տարածում է գտնում նաեւ Պակիստանի ու Աֆղանստանի նման երկրներում, որտեղ մեծապես են ոտնահարվում կանանց իրավունքները։ Եվ այստեղ նույնպես, ինչպես ՝՝Ամերիկայի Ձայն՛՛-ի թղթակիցն է ասում, կանայք սկսել են իրենց հետ կատարված տխուր պատմությունները ներկայացնել Me Too եւ No More սոցիալական ցանցերում։
Partners Global կազմակերպությունից Քամիսա Քամերայի խոսքերով, այսօր չափազանց մեծ է սոցիալական մամուլի դերն այս պայքարում։
՝՝Այս միջոցով բռնությունների ենթարկված կանայք կապ են հաստատում միմյանց հետ, միմյանց պատմում իրենց հետ կատարվածի մասին ու միմյանց տալիս խորհուրդներ, անցկացնում քննարկումներ՛՛։
Այսօր նույնիսկ զարգացած երկրներում են առկա մեծ խնդիրներ կանանց իրավունքների պաշտպանության բնագավառում։ Կոնգրեսական Սյուզան Բրուքսի խոսքերով, ՝՝Հարկավոր է, որ ավելի մեծաթիվ կանայք զբաղեցնեն պետական պաշտոններ։ Այդ հարցում Միացյալ Նահանգները հետ է մնում մեծաթիվ երկրներից։ Այլ երկրների խորհրդարաններում կանայք ունեն ավելի մեծ թվով աթոռներ։ Այնպես որ, ուզում ենք, որ կանայք ԱՄՆ-ում ավելի շատ ընդգրկվեն կառավարության տարբեր մակարդակներում՛՛։
Քամիսա Քամերան հավելում է.՝՝Փորձնական մի քանի ուսումնասիրություններ են պարզել հետեւյալը. Երբ խաղաղության գործընթացներում ընդգրկվում են կանայք, խաղաղությունը լինում է հարատեւ ու կայուն, վերանում են այնպիսի բռնություններն, ինչպես բռնաբարությունները՛՛։
Դրա օրինակներից է Լիբերիան, որտեղ քաղաքական գործընթացներում կանանց մասնակցության փաստն իր հետ բերեց քաղաքական մեծ փոփոխություններ։