Մատչելի հղումներ

Հայ խորհրդարանական աննախադեպ այց Վաշինգտոն


Վաշինգտոն է ժամանել Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունը, որի կազմում են Ազգային ժողովում ներկայացված բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչները: Նախատեսված են հանդիպումներ կոնգրեսականների ու ամերիկահայ շրջանակների հետ: Պատվիրակության պատվին կազմակերպվել էր նաև համայնքային միջոցառում:

ԱՄՆ-ի մայրաքաղաքում է Հայաստանի Ազգային ժողովի պատվիրակությունը, որի կազմում են խորհրդարանում ներկայացված բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչները: Հայ-ամերիկյան հարաբերությունների պատմության մեջ նման ձևաչափով բարձրաստիճան խորհրդարանական պատվիրակության այցն աննախադեպ է:

«Երրորդ հանրապետության պատմության մեջ առաջին անգամն է նման պատվիրակություն ժամանում Վաշինգտոն՝ սկսելու խորհրդարանական դիվանագիտության մի նոր փուլ մեր երկրների պատմության մեջ»,- ասում է ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Գրիգոր Հովհանիսյանը:

Նախատեսված են հանդիպումներ ԱՄՆ-ի Կոնգրեսում արտաքին հարաբերությունների հանձնաժողովի, Հայկական հարցերով հանձնախմբի կոնգրեսականների, ինչպես նաև ամերիկյան և ամերիկահայ տարբեր շրջանակների հետ: Այցի նպատակն է խթանել հայ-ամերիկյան հարաբերություններն ու զարգացնել խորհրդարանական կապերը: Դրա մասին է խոսում պատվիրակության ղեկավար, Ազգային ժողովի փոխխոսնակ Արփինե Հովհանիսյանը:

«Մեր նպատակն է նոր խթան հաղորդել հայ-ամերիկյան հարաբերություններին և ներկայացնել քաղաքական օրակարգը, որը գոյություն ունի, այն հարցերն ու մարտահրավերները, որոնց մենք բախվում ենք, և տեսնել, թե ինչ ներուժ կա հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման առումով: Կարծում եմ նախատեսված հանդիպումները կնպաստեն մեր տեսակետը հասցնելուն ու մեր գործընկերների մոտեցումները լսելուն»,- ընդգծել է փոխխոսնակը:

Երկու երկրների խորհրդարաններում գործում են բարեկամության խմբեր: Խորհրդարանական դիվանագիտության այս նախաձեռնության կարևորության մասին են խոսում նաև Հայաստանի օրենսդիրները, ովքեր փաստում են, որ չնայած հայ-ամերիկյան հարաբերություններն ունեն տևական բարեկամական բնույթ, խորհրդարանական կապերի ամրապնդման ուղղությամբ դեռևս շատ անելիքներ կան:

«Կարծում եմ, որ սա լուրջ քայլ է խորհրդարանական դիվանագիտությունը զարգացնելու համար մեզ համար ԱՄՆ-ի նման կարևոր երկրի հետ: Գաղտնիք չէ, որ գործադիրի մակարդակով ապահովել ենք համապատասխան որակ, սակայն խորհրդարանական հարաբերությունների առումով բավականին տխուր իրավիճակ էր»,- ասում է պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը

«Այսպիսի այց երբևէ չի կազմակերպվել, և սա առաջին անգամն է, որ Հայաստանից նման ներկայացուցչական պատվիրակություն է գալիս ԱՄՆ-ը: Սա կարծում եմ շատ կարևոր սկիզբ է, որը հիմք է դնելու նոր հարաբերությունների ԱՄՆ-ի հետ»,- նշում է պատգամավոր Էդմոն Մարուքյանը:

Այցը հետաքրքրություն առաջացրեց նաև ամերիկահայ շրջանակների մոտ: Հայաստանից ժամանած օրենսդիրների պատվին Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում կազմակերպվել էր համայնքային ընդունելություն, որին ներկա էին Վաշինգոտոնում գործող երկու հայկական եկեղեցիների հոգևոր առաջնորդները, ամերիկահայ կազմակերպությունների ներկայացուցիչներն ու ամերիկահայ այլ շրջանակներ: Միջոցառումը կազմակերպել էին «Վարդանանց ասպետներ» և «Վարդանանց դստրեր» կազմակերպությունները:

«Ընդհանուր առմամբ շատ լավ հանդիպում էր , և ուրախ եմ, որ մեր համայնքում և եկեղեցում կարողացանք ընդունել մեր պատգամավորներին»,- ասել է Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Հովսեփ քահանա Կարապետյանը:

Միջոցառման ելույթներին հաջորդեց հարցուպատասխանը, որի ընթացքում հայաստանցի պատգամավորները ներկայացրեցին իրենց մոտեցումները, պատասխանելով միջոցառման մասնակիցների բարձրացրած հարցերին, որոնց շրջանակը բազմազան էր՝ Ցեղասպանութան ճանաչման խնդրից մինչև Հայաստանի ներքաղաքական զարգացումներ ու սոցիալ-տնտեսական ծանր իրավիճակ:

Հայաստանի խորհրդարանական պատվիրակության այցը Միացյալ Նահանգներ շարունակվում է:

Facebook Forum

XS
SM
MD
LG