Մատչելի հղումներ

Կորեաների ռազմական բախումը չի բացառվում


Հյուսիսային Կորեայի առաջնորդը ողջունում է Սեուլի բանագնացին
Հյուսիսային Կորեայի առաջնորդը ողջունում է Սեուլի բանագնացին

Սեուլը պատրաստ է շարունակել երկխոսելու Փհենյանի հետ, սակայն պետք է պատրաստ լինի նաև ռազմական տարբերակի: Այս մասին է հայտարարում Հարավային Կորեայի նախագահը, ում բանագնացն երկօրյա այցով ժամանել է Փհենյան։

Հարավային Կորեայի նախագահ Մուն Ջա-ինը հայտարարել է, որ Սեուլը պետք է շարունակի երկխոսությունը Հյուսիսային Կորեայի հետ, սակայն ընդգծեց, որ պետք է պատրաստ լինել հակազդելու Փհենյանի հրթիռային կամ միջուկային հարձակմանը:

Նախագահն արել է այդ հայտարարությունը Կորեայի ռազմական ակադեմիայում ունեցած ելույթի ընթացքում:

«Ես կզարգացնեմ Հարավային Կորեայի ու ԱՄՆ-ի միջև պաշտպանական համակարգերի ոլորտը: Ես կշարունակեմ նաև ջանքեր գործադրել միջազգային հանրության և հարևան երկրների կողմից աջակցություն ստանալու ուղղությամբ՝ Կորեական թերակղզում խաղաղություն հաստատելու համար: Ես երեկ բանագնաց եմ ուղարկել Հյուսիսային Կորեա: Մեկնարկում է իմ երկար ուղին դեպի խաղաղություն և բարգավաճում ու վստահ եմ, որ մենք կհասնենք դրան»,- հայտարարել է նախագահը:

Դեռևս հայտնի չէ, թե ինչ են քննարկել հանդիպումների ընթացքում Հյուսիսային Կորեայի ղեկավարն ու Սեուլի բանագնացը, սակայն Հյուսիսային Կորեայի պետական լրատվամիջոցը հաղորդել է, որ կողմերը համաձայնության են եկել ՝ շարունակելու երկխոսությունը:

«Մեր գերագույն առաջնորդը Հարավային Կորեայի բանագնացի միջոցով լսել է նախագահ Մուն Ջա-ինի կարծիքը գագաթաժողով հրավիրելու մասին, կարծիքներ փոխանակել և համաձայնություն կնքել: Գերագույն առաջնորդը կարևոր հանձնարարականներ է տվել այս ուղղությամբ»,- նշում է պետական լրատվամիջոցը:

Հարավային Կորեայի բանագնացը Փհենյան կատարած երկօրյա այցից հետո կուղևորվի դեպի Միացյալ Նահանգներ՝ ամերիկյան պաշտոնյաների հետ հանդիպելու համար:

Փհենյանը նշել է, որ Հյուսիսային Կորեան պատրաստ էր վերսկսելու երկխոսությունը Վաշինգտոնի հետ, սակայն նախագահ Թրամփի առաջ քաշած նախապայմանները խափանեցին երկխոսության վերսկսումը:

Facebook Forum

XS
SM
MD
LG